Ես Հունաստանի միակ վարչապետն եմ, որը մեկնել է Անկարա և առանց զիջումների բարձրացրել «casus belli»-ի հարցը. Միցոտակիս

Emenihaber. Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը հայտարարել է, որ Անկարայի հետ հարաբերություններում նախաձեռնողականությունն անցել է Աթենքի ձեռքը, իսկ թուրքական կողմն արդեն հայտնվել է միայն հակազդողի դերում։

Հունական «Antenna» հեռուստաալիքին տված հարցազրույցում Միցոտակիսը հակադարձել է երկրի նախկին երկու վարչապետների քննադատություններին, որոնք Աթենքի վարած արտաքին քաղաքականությունը Թուրքիայի նկատմամբ համարում էին թույլ։

Հունաստանի կառավարության ղեկավարն ընդգծել է, որ Աթենքին հաջողվել է փոխել խաղի կանոնները Էգեյան և Միջերկրական ծովերում՝ մատնանշելով երեք հիմնական գործոն. Հունաստանն ընդլայնել է իր տարածքային ջրերի սահմանները, հստակորեն ի ցույց է դրել իր ինքնիշխան իրավունքները Կրետե կղզու հարավում և վերջին 40 տարում առաջին անգամ սկսել է սեփական հորատման աշխատանքները։

«Առաջին անգամն է, որ Հունաստանն է սահմանում օրակարգը, իսկ Թուրքիան միայն որոշակիորեն արձագանքում է դրան»,- հավելել է Միցոտակիսը։

Անդրադառնալով Թուրքիայի կողմից տարիներ շարունակ հնչող «Casus belli»-ի (պատերազմի պատճառ/առիթ/ուլտիմատում) մշտական սպառնալիքին՝ Միցոտակիսը հավելել է.

«Ես Հունաստանի միակ վարչապետն եմ, որը մեկնել է Անկարա և այնտեղ քաղաքավարի, բայց առանց զիջումների, հստակորեն բարձրացրել է «casus belli»-ի հարցը»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment