Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Ռուսաստանի օրվա առթիվ:
Ուղերձում, մասնավորապես, նշված է.
«Այս նշանակալի տոնը մարմնավորում է Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների պատասխանատվությունն իրենց երկրի ապագայի հանդեպ, ինչպես նաեւ պետության զարգացման ուղու անկախ ընտրությանն ուղղված բարեկամ ռուս ժողովրդի ձգտումը։
Համոզված եմ, որ Հայաստանի եւ Ռուսաստանի ժողովուրդների բազմակողմանի կապերը, ինչպես նաեւ միմյանց ինքնիշխանության եւ պետական շահերի հարգման վրա հիմնված բաց ու կառուցողական երկխոսության երկկողմ պատրաստակամությունը այսուհետ եւս կնպաստեն փոխգործակցության ամրապնդմանը եւ մեր երկրների միջեւ համագործակցության հնարավորությունների ողջ շրջանակի օգտագործմանը»։