Երևանի 2025 թ. բյուջեի եկամուտները կազմել են 148 մլրդ 517 մլն դրամ. Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հայտնել է, որ Երևան քաղաքի 2025 թվականի բյուջեի փաստացի եկամուտները կազմել են 148 միլիարդ 517 միլիոն դրամ կամ 100,5%՝ ըստ կատարողականի, որից սեփական եկամուտները հավաքագրվել են 96 միլիարդ 596 միլիոն դրամի չափով։

«Կամ 9% գերակատարմամբ։ Սեփական եկամուտների փաստացի հավաքագրումն ավելի է 2024 թ. ցուցանիշից 25 միլիարդ 396 միլիոն դրամով։ Սա խոսում է վերջին տարիներին Երևան քաղաքի սեփական եկամուտների աճի կտրուկ տեմպի մասին»,- ասել է քաղաքապետը։

Նրա խոսքով՝ սա այն վարչարարության մասին է, որը Երևանի քաղաքապետարանն իրականացրել է տարբեր ոլորտներում և հավաքագրումների համար հնարավորություն է ստեղծել՝ մասնավորապես շինարարության ոլորտից և տարբեր այլ ոլորտներից, որոնք նախկինում եղել են կամ ստվերային դաշտում, կամ որևէ տուրքերով և հարկերով ծանրաբեռնված չեն եղել։

Leave a comment