Ամբիոնը լուծարում են, դասախոսը քաղաքական ենթատեքստ է տեսնում․ ԵՊՀ-ն հերքում է
ԵՊՀ Արտասահմանյան գրականության ամբիոնը լուծարվում է։ Ամբիոնի վարիչ Անուշ Սեդրակյանը,որը պատգամավորի թեկնածու էր «Միասնության թեւեր» կուսակցության ցուցակով, քաղաքական ենթատեքստ է տեսնում։
«Զուտ իմ անձն էր։ Մի քիչ խնդրահարույց անձ էի քաղաքական առումով, այո, և նաև խնդրահարույց էր այն առումով, որ ոչ կոռուպցիոն, ոչ գիտական թերացումների վրա հնարավոր չէր բռնել, գտնվեց, այսպես ասած, անշարժ տարբերակը։ Ասացին՝ ամբիոնը քիչ ժամ ունի», – «Ա1+»-ին ասաց Անում Սեդրակյանը։
Նրա համար տարօրինակ է պատճառաբանությունը, թե ամբիոնը քիչ ժամ ունի։
«Կարող է ուղղակի ասել՝ ես խելոք գնայի, հեռանայի այդ գործից։ Մեր ամբիոնի յուրաքանչյուր անդամ կարող էր ինձ փոխարինել, որովհետև նրանք բոլորն էլ հիանալի մասնագետներ են: Ո՞նց կարելի է այդպիսի ձևով վարվել»,- ավելացնում է Անուշ Սեդրակյանը։
Նրանց առաջարկել են միավորվել այլ ամբիոնի հետ։
ԵՊՀ ռեկտորի օգնական-մամուլի խոսնակ Քնար Միսակյանն «Ա1+»-ին հայտնեց, որ ի ԵՊՀ-ում տևական ժամանակ իրականացվում է կառուցվածքային բարեփոխումների համակարգային գործընթաց, որի շրջանակում տասից ավելի ամբիոններ արդեն խոշորացվել են։
«Այս գործընթացը պետք է դիտարկել ոչ թե որպես առանձին կառուցվածքային փոփոխություն, այլ որպես ԵՊՀ ռազմավարական ծրագրից բխող գործողությունների պլանի մաս՝ ուղղված կրթական և գիտահետազոտական գործընթացների լավարկմանը, կառավարման արդյունավետության բարձրացմանը և ակադեմիական միջավայրի շարունակական զարգացմանը»,- հայտնեց նա։
Ըստ նրա՝ Անուշ Սեդրակյանը վաղուց տեղեկացված է եղել գործընթացի մասին։