Վրաստանում տարեկան գնաճը մայիսի արդյունքներով կազմել է 5.7%

Վրաստանում տարեկան գնաճը մայիսի արդյունքներով կազմել է 5.7%։ Մայիսին տարեկան գնաճի մակարդակը ապրիլի համեմատ նվազել է 0.2 տոկոսային կետով։ Ապրիլին այդ ցուցանիշը կազմում էր 5.9%։

Այս նվազումը համապատասխանում է հիմնական սցենարին և Վրաստանի ազգային բանկի սպասումներին: Ազգային բանկը պարզաբանել է, որ արտաքին շոկերը շարունակում են զգալի ազդեցություն ունենալ գների դինամիկայի վրա։

Երկրի գլխավոր դրամատան ներկայացուցչի խոսքով՝ Մերձավոր Արևելքում հակամարտության հետևանքով նավթի համաշխարհային գների աճը ապրիլին նպաստել էր գնաճի բարձրացմանը մինչև 5.9%։ Սակայն այժմ շուկան աստիճանաբար կայունանում է։

Նրա գնահատմամբ՝ գնաճի հետագա դինամիկան մեծապես կախված կլինի Մերձավոր Արևելքի հակամարտության տևողությունից և լրջությունից։

Վրաստանի Ազգային բանկը կարծում է, որ եթե հակամարտությունը աստիճանաբար կարգավորվի, ապա գնաճը նույնպես աստիճանաբար կնվազի և 2027 թվականին կկայունանա նպատակային մակարդակի՝ 3%-ի շուրջ։

Leave a comment