ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանը խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը։
Հիշեցնենք, որ անդրադառնալով Հայկ Սարգսյանին ՔՊ նախընտրական ցուցակում չընդգրկելու մասին հարցին, Նիկոլ Փաշինյանն ասել էր. «Ես չեմ կարծում, որ այդ քննարկումների բովանդակությունը հանրային դարձնելուն ուղղված գործողությունները բխում են պարոն Սարգսյանի շահերից։ ՔՊ վարչության նիստի ժամանակ ամիսներ առաջ խիստ նկատողություն է հայտարարվել պարոն Սարգսյանին, դա ունեցել է կոնկրետ պատճառ, որին հետևել են իրավական գործընթացներ։ Այդ պատմությունն ընդամենը մեկ բանի մասին է, որ ՔՊ-ն իր անդամների ոչ կանոնավոր, կոռուպցիոն տեսանկյունից խնդրահարույց գործողությունները չի հանդուրժելու։ Սա պետք է պարզ լինի բոլորի համար»:
Հարցին, թե ի՞նչ կոռուպցիոն գործարքների մեջ է ինքը, որի մասին ակնարկեց Նիկոլ Փաշինյանը, Հայկ Սարգսյանը պատասխանեց․ «Նիկոլ Փաշինյանը 2018 թվականին գլխավորել է եւ ՀՀ-ում իրականացրել է թավշյա ոչ բռնի հեղափոխություն եւ հանդիսանում է ՀՀ ընտրված վարչապետը։ Ես չեմ ցանկանում, որպեսզի ստեղծվի հեռակա բանավեճի տպավորություն, երբ ես փորձեմ անդրադառնալ կամ մեկնաբանել վարչապետի մտքերը։
Ամեն դեպքում որոշ շրջանառվող լուրերի կցանկանամ անդրադառնալ: Նշեմ, որ որեւէ գործով ես չեմ անցնում, չեմ անցել։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը որեւէ քննարկման ժամանակ, համենայնդեպս իմ ներկայությամբ որեւէ մեկն ինձ չի մեղադրել կոռուպցիոն որեւէ սխեմաների կամ գործի մեջ։ Ես մամուլից տեղեկացել եմ, որ ըստ մամուլի հրապարակումների՝ որոշ վարչության անդամներ իմ բացակայությամբ ինձ մեղադրել են որեւէ կոռուպցիոն կամ ոչ կոռուպցիոն գործերի մեջ։ Եթե այդպիսի բան եղել է, դա ՔՊ կուսակցության կանոնադրության կոպտագույն խախտում է, որովհետեւ կանոնադրության 21-րդ հոդվածի 7-րդ կետը հստակ ասում է՝ կուսակցականն իրավունք ունի ներկա գտնվելու իր հարցի քննարկմանը, եւ պետք է քննարկվող հարցի վերաբերյալ ապահովվի իր՝ կարծիք հայտնելու հնարավորությունը։ Իմ այս իրավունքը չի պահպանվել, եթե իմ բացակայությամբ որեւէ մեկն ինձ մեղադրել է կամ փորձել է վարչապետի մոտ տպավորություն ստեղծել, որ ես կոռուպցիոներ եմ կամ որեւէ կոռուպցիոն սխեմայի մեջ ներգրավված եմ»։
Դիտարկմանը, որ ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանի առնչությամբ քրեական գործով դատական նիստին դատախազների կողմից հնչեցվել է նաեւ իր անունը, Հայկ Սարգսյանը պատասխանեց․ «Չկա նման բան, դա սուտ է, կեղծ է, որեւէ մեկն ինձ ոչ այդ գործով, ոչ որեւէ այլ գործով երբեւէ չի կանչել, չի խոսել, չի ներգրավել։ Ես դրա մասին առաջին անգամ լսել եմ մամուլից, հնարավոր է այդ մարդիկ այդ խոսակցության կամ գաղտնալսման ընթացքում տասնյակ կամ հարյուրավոր մարդկանց անուններ տան։ Դա չի նշանակում, որ այդ անձինք ներգրավված են այդ գործում»։
Հարցին՝ այդ դեպքում ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանն իրեն ուղիղ մեղադրում կոռուպցիայի մեջ, Հայկ Սարգսյանը պատասխանեց․ «Ես չեմ կարծում, թե դա ինձ էր վերաբերում, եթե ինձ վերաբերեր, կլինեին կոնկրետ գործողություններ, կլիներ կոնկրետ գործ։ Ինձ որեւէ մեկն ուղիղ մեղադրանք չի առաջադրել։ Եթե կա նման մեղադրանք, կխնդրեմ գործընկերներին հրապարակել դրանք։ Եթե վարչության նիստի ընթացքում քննարկվել են հարցեր, ինչ-ինչ մեղադրանքներ են եղել իմ հասցեին, ես խնդրում եմ հրապարակել դրանք։ Եվ բոլորին պարզ կդառնա, որ այդ նիստերի բովանդակության հրապարակումն ուղիղ բխում է իմ շահերից։ Ես որեւէ կոռուպցիոն գործով չեմ անցնում, գտնում եմ, որ հեղափոխությամբ իշխանության եկած թիմը եւ թիմի ներկայացուցիչներն իրավունք չունեն երբեւէ ներգրավված լինել որեւէ կոռուպցիոն սխեմայի մեջ»։
Հայկ Սարգսյանը, անդրադառնալով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարություններին, ասաց․ «Վերջերս Ալեն Սիմոնյանն իմ մասին հարցից հետո նման արտահայտություն է արել՝ որտեղ խոսեցնում են, ասում է՝ 1 մլրդ 500 մլն դոլար փող եմ բերել պետական բյուջե։ Ընենց է ստացվում, որ դա ոնց որ լինի մեղադրանք, կարծիք է ձեւավորվում, որ էդ գումարը ես տարել եմ մեր տուն։ Ու տպավորություն է ստեղծվում, որ ըտենց խոսացող անձը նեղված է, որ այդ գումարը ոնց որ իր գրպանից տարած լինեն պետական բյուջե։ Հնչում են մտքեր, որտեղ մարդիկ վրդովմունք են հայտնում, թե ինչու պետք է օնլայն կազինոները պետական բյուջե շատ գումար վճարեն։ Ու իմ՝ դրա մասին խոսելը ներկայացվում է սարկազմով կամ վիրավորանք։ Ես կարծել եմ, որ ՔՊ կուսակցությունում իմ կատարած գործունեության համար ինձ պետք է շնորհակալություն հայտնեն, բայց ինձ հայտարարվել է խիստ նկատողություն, ինչը ես չեմ ուզում մեկնաբանել»։
Հայկ Սարգսյանը նշեց, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի դիմումի հիման վրա են իրեն նկատողություն հայտարարել, ինչի մասին Նիկոլ Փաշինյանը խոսել էր։ «2025 թվականի մարտի 6-ին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը դիմել է ՔՊ կուսակցության վարչությանը՝ ինձ պատասխանատվության ենթարկելու պահանջով։ Եվ ներկայացրել է իր հիմնավորումները կամ հիմքերը, թե ինչու է նման բան պահանջել։ Ինձ հրավիրել են ՔՊ կուսակցություն, ամիսներ շարունակ այդ հարցը քննվել է, եւ կայացվել է որոշում, ինչի մասին վարչապետն ասաց, ինչը ես չեմ ընդունում։ Ես ընդունում եմ, որ իմ գործունեության համար, այո, ՔՊ կուսակցությունը պետք է ինձ առնվազն շնորհակալություն հայտներ եւ նաեւ կարող էր մեդալ տալ, դեմ չէի լինի։ Բայց ես ստացել եմ խիստ նկատողություն, ինչը ես չեմ կարող ընդունել»,- նշեց Սարգսյանը։
Հարցին, թե հնարավո՞ր է իրեն կալանավորեն, Հայկ Սարգսյանը պատասխանեց․ «Ոչ բացառում եմ, ոչ հաստատում եմ»։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: