«Զբոսաշրջիկը գա Հայաստան եւ մեկ բաժակ գինու համար վճարի այնքան, ինչքան մեկ շշի համար է նախատեսված, որովհետեւ գինու տուրիզմը հենց դրանով է հետաքրքիր». Գեւորգ Պապոյան

Հայաստանից ԵՄ երկրներ արտահանման մասնաբաժինը 2025 թ. աճել է՝ հասնելով 7,9 %-ի։ Այս մասին ամփոփիչ ասուլիսում, ի թիվս այլնի, նշեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը՝ ընդգծելով, որ մեկ տարվա ընթացքում ցուցանիշը գրեթե կրկնապատկվել է: Նրա համոզմամբ, այս պարագայում կարեւոր նշանակություն ունի նախ դեպի ԵՄ արտահանման աճը, եւ երկրորդ՝ հաշվարկներից հանվել է պարզ վերաարտահանումը:

Գեւորգ Պապոյանի խոսքով, 2025 թ. առաջին երեք եռամսյակում Հայաստանի տնտեսությունը նման պատկեր ունի՝ արձանագրվել է 5,2 %, 6,4 % եւ 6,2 % աճ, իսկ չորրորդ եռամսյակում ակնկալվում է ավելի բարձր ցուցանիշ։ Նախարարը փաստում է, որ Հայաստանի ՀՆԱ-ն 2025-ին կկազմի շուրջ 10,86 տրիլիոն դրամ, իսկ դոլարային արտահայտությամբ՝ կհասնի 28 միլիարդ դոլարի՝ 2024 թվականին արձանագրված 26 միլիարդ դոլարի դիմաց։

Մանրամասն՝ տեսանյութում

«Եթե 2017-ին էկոնոմիկայի նախարարության բյուջեն եղել է 11, 9 մլրդ դրամ եւ 95% կատարողական, այս տարի մեր բյուջեն 76,8 մլրդ է, կատարողականը՝ 97,2 %»,-հավելեց էկոնոմիկայի նախարարը։

Ինչ վերաբերվում է գյուղատնտեսության ոլորտում տրամադրված վարկերին, Պապոյանն ասաց, որ եթե 2021թ 258 մլրդ դրամ էին կազմում, այժմ արդեն 380 մլրդի է հասել այդ թիվը: «Ավելի քան 1 մլրդ դոլար վարկ է տրամադրվել գյուղատնտեսության ոլորտին, դա նշանակում է, որ գյուղատնտեսությունը ինտենսիվ գյուղատնտեսություն է եւ շահութաբեր է, որովհետեւ ինտենսիվ գյուղատնտեսությամբ զբաղվում են գործարարները: Խելացի գյուղատնտեսությունը եկամտաբեր գործ է, դրա համար էլ գործարարները 1 մլրդ դոլար վարկ են վերցրել եւ ներդրել դրա մեջ»,-նշեց Պապոյանը:

Գինու մասին խոսելիս՝ նախարարն ասաց, որ գինու արտահանման գումարային աճը 2025-ին կազմել է 13%՝ 2024 թվականի համեմատ. «Գինու սպառումն աշխարհում, ընդհանուր առմամբ, անկում է ապրում, բայց մեր գինու սպառումը շարունակաբար աճում է: Աճում է գինու տուրիզմը: Մենք արձագանքում ենք նաեւ համաշխարհային տենդենցներին: Կառավարությունը մտադիր է ներդրումներ անել Եղեգիս եւ Արենի համայնքներում, որոշել ենք այդտեղ ստեղծել գինու եւ ագրոտուրիզմի կլաստեր: Դա նրա համար է, որ ոչ միայն գինի արտադրենք ու վաճառենք, այլեւ զբոսաշրջիկը գա Հայաստան եւ մեկ բաժակ գինու համար վճարի այնքան, ինչքան մեկ շշի համար է նախատեսված, որովհետեւ գինու տուրիզմը հենց դրանով է հետաքրքիր… Զբոսաշրջիկը հիմա ավելի շատ հակված է 5 դոլար վճարել եւ ոչ թե խանութից առնել մեկ շիշ գինի, այլ 5 դոլար վճարել եւ գինու տուրիզմի քարանձավում կամ համտես սրահում 1 բաժակ խմել»:

Ասուլիսն ՝ ամբողջությամբ

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment