ԱՄՀ-ն ակնկալում է, որ Հայաստանի իրական ՀՆԱ-ի աճը 2026 թվականին կդանդաղի մինչև շուրջ 5,25%՝ ներքին պահանջարկի թուլացման և Մերձավոր Արևելքում պատերազմով պայմանավորված առևտրային որոշակի խափանումների ի հայտ գալուն զուգընթաց
ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի․/ԱՌԿԱ/․ ԱՄՀ-ն ակնկալում է, որ Հայաստանի իրական ՀՆԱ-ի աճը 2026 թվականին կդանդաղի մինչև շուրջ 5,25%՝ ներքին պահանջարկի թուլացման և Մերձավոր Արևելքում պատերազմով պայմանավորված առևտրային որոշակի խափանումների ի հայտ գալուն զուգընթաց:
Հիմնադրամում կանխատեսում են նաև, որ կարճաժամկետ հեռանկարում գնաճը կպահպանվի բարձր մակարդակում՝ հումքային ապրանքների գների աճի և առևտրային երթուղիների վերաուղղորդման պատճառով լոգիստիկ ծախսերի ավելացման ֆոնին, սակայն կանխատեսվող ժամանակահատվածում կվերադառնա ՀՀ ԿԲ թիրախային մակարդակին:
«Կանխատեսման համար կարճաժամկետ ռիսկերը կապված են Մերձավոր Արևելքում պատերազմի պատճառով առաջացած աննախադեպ անորոշության հետ: Միջնաժամկետ հեռանկարում Հայաստանի վրա կարող են ազդել առևտրային գործընկերների տնտեսությունների աճի հնարավոր դանդաղումը և գլոբալ ֆինանսական պայմանների խստացումը: Այդուհանդերձ, արտաքին և ֆինանսական բուֆերները մնում են ուժեղ», – ասվում է հաղորդագրության մեջ:
Թվերն ու կանխատեսումներ Հայաստանի տնտեսության և գնաճի վերաբերյալ
2026 թվականի պետբյուջեով Հայաստանի տնտեսական աճը նախատեսված է 5,4% չափով: Ընթացիկ տարվա I եռամսյակում Հայաստանի ՀՆԱ-ն, ըստ նախնական վիճակագրական տվյալների, գրանցել է 4% աճ՝ 2025 թվականի հունվար-մարտի համեմատ: Ըստ ընթացիկ տարվա առաջին եռամսյակի դրամավարկային քաղաքականության վերաբերյալ ԿԲ հաշվետվության՝ 2026 թվականի արդյունքներով Հայաստանի ՀՆԱ-ի աճը, կախված սցենարից (Ա-Բ), ակնկալվում է 7,1-4,7%, 2027 թվականին՝ 5,7-5,3%, 2028 թվականին՝ 4,9-5,2%:
Միջազգային ֆինանսական կառույցների կողմից 2026 թվականի համար Հայաստանի տնտեսական աճի կանխատեսումներն են՝ ԵԱԶԲ – 5,3%, ՀԲ – 5,3%, ԱՄՀ – 5,25%, ԱԶԲ – 5,5%, ՎԶԵԲ – 5,5%, S&P Global Ratings – 5,3%, Fitch Ratings – 5%-ից բարձր (2026-2027 թթ. համար):
Հայաստանի 2026 թվականի պետբյուջեում գնաճն ամրագրված է 3% (±1%) մակարդակում: Մայիսին գնաճը կազմել է 4,2% (տ/տ)՝ ապրիլի 5,3%-ի (տ/տ) համեմատ: Ըստ ընթացիկ տարվա առաջին եռամսյակի դրամավարկային քաղաքականության վերաբերյալ ԿԲ հաշվետվության՝ 2026 թվականի արդյունքներով Հայաստանում գնաճը, կախված սցենարից (Ա-Բ), ակնկալվում է 4,4-3,3%, 2027 թվականի կանխատեսումը՝ 3,5-3,1%, 2028 թվականինը՝ 3,2-3,1%: