Օմանում մեկնարկել են ԱՄՆ-Իրան բանակցությունները

Քաղաքականություն

06.02.2026 | 12:47

Օմանի մայրաքաղաք Մասկատում պաշտոնապես մեկնարկել են Իրան-ԱՄՆ միջուկային բանակցությունները, գրում է իրանական Mehr գործակալությունը։

Իրանի պատվիրակությունը գլխավորում է արտգործնախարար Աբբաս Արաղչին, իսկ ԱՄՆ պատվիրակությունը՝ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթկոֆը։

Մասկատում իր օմանցի գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին զգուշացրել է ԱՄՆ-ի կողմից ցանկացած չափազանց պահանջների դեմ։

Անդրադառնալով Իրանի՝ ազգային շահերը պաշտպանելու դիվանագիտությունն օգտագործելու մոտեցմանը՝ Արաղչին ընդգծել է երկրի ինքնիշխանությունն ու ազգային անվտանգությունը ցանկացած չափազանց պահանջներից կամ արկածախնդրության դրսևորումներից պաշտպանելու լիակատար պատրաստակամությունը։

Օմանի գլխավոր դիվանագետը հույս է հայտնել, որ բանակցությունների այս փուլը՝ բոլոր կողմերի բարի կամքի և ժամանակին ձեռնարկված գործողությունների շնորհիվ, ճանապարհ կհարթի Իրանի և Միացյալ Նահանգների միջև կայուն փոխըմբռնման համար։ Հանդիպման ընթացքում ներկայացվել են Իրանի տեսակետներն ու առաջարկները բանակցային թեմաների, պահանջների և նկատառումների վերաբերյալ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

Leave a comment