Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ընկերական հանդիպում անցկացրեց Մոլդովայի հավաքականի հետ ու հաղթանակը բաց թողեց վերջին րոպեներին։ Խաղն ավարտվեց 1:1 հաշվով։
Առաջին խաղակեսում Հայաստանի հավաքականը մի քանի անգամ սպառնաց մրցակցի դարպասին, սակայն գոլ խփել չհաջողվեց։ Մոլդովացիները ստեղծեցին մեկ իրական գոլային պահ, բայց «Ուրարտուի» դարպասապահ Ալեքսանդր Միշիևը դաշտի տերերին փրկեց գոլից։
Երկրորդ խաղակեսի սկզբնամասում Հայաստանի հավաքականն ուներ խաղային առավելություն և ստեղծեց երկու իրական գոլային պահ, որոնք չկարողացավ իրացնել փոխարինման մտած Հրանտ-Լեոն Ռանոսը։
Դաշտի տերերն ավելի շատ էին վերահսկում գնդակը, ավելի շատ էին գրոհում և վերջնամասում կարողացան բացել հաշիվը։
89-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ «Արարատ-Արմենիայի» եզրային հարձակվող Արթուր Սերոբյանը (տեսանյութ):
2 րոպե անց հյուրերը հավասարեցրին հաշիվը։ Աչքի ընկավ մոլդովական «Պետրոկուբի» կիսապաշտպան Վիկտոր Բոգաչիուկը` ձևակերպելով հանդիպման վերջնական հաշիվը (տեսանյութ)։
ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանի հավաքականը 106-րդ տեղում է, իսկ Մոլդովան 159-րդն է։
Հիշեցնենք, որ հունիսի 6-ին Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմն ընկերական խաղում մրցել էր նաև Ղազախաստանի հավաքականի հետ։ Գրանցվել էր 1։1 հաշիվը։
Հայաստանի հավաքականը հաջորդ հանդիպումը կանցկացնի սեպտեմբերի 25-ին՝ Ազգերի լիգայի առաջին տուրում ընդունելով Լատվիայի հավաքականին։
Ընկերական հանդիպում
Հայաստան – Մոլդովա՝ 1։1
Արթուր Սերոբյան, 89 – Վիկտոր Բոգաչիուկ, 90+1
Հայաստան․ Ալեքսանդր Միշիև, Դավիդ Դավիդյան (Կամո Հովհաննիսյան, 46), Գեորգի Հարությունյան (Արման Ղազարյան, 90+2), Խուլիո Բուենո, Էրիկ Փիլոյան, Նաիր Թիկնիզյան (Էդգար Գրիգորյան, 90+2), Կառլեն Հովհաննիսյան (Նարեկ Հովհաննիսյան, 86), Էդուարդ Սպերցյան (Արամ Խամոյան, 90+2), Ժիրայր Շաղոյան (Գոռ Մանվելյան, 63), Նարեկ Գրիգորյան (Արթուր Սերոբյան, 63), Արթուր Միրանյան (Հրանտ-Լեոն Ռամոս, 46)։