Հունիսի 9-ի բիզնես լուրերը

Տեղական լուրեր

Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան է ուղարկվել 18 վագոն բեռ

Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան երկաթուղով իրականացվել է հերթական տարանցիկ բեռնափոխադրումը։ Հունիսի 9-ին «Բիլաջարի» կայարանից ուղարկվել է 12 վագոն պարարտանյութ (828 տոննա) և 6 վագոն ածուխ (414 տոննա)։ Մինչ օրս այս երթուղով Հայաստան է տեղափոխվել ավելի քան 29 հազար տոննա հացահատիկ, ինչպես նաև պարարտանյութ, ալյումին և հնդկաձավար։

Առաջին եռամսյակում Հայաստանի ներմուծման ծավալները կազմել են 2.945 մլրդ դոլար

2026թ. հունվար-մարտին Հայաստան ներմուծման ծավալները կազմել են 2,945 մլն դոլար, ինչը 2025 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 4.61%-ով։ Ներմուծման ամենամեծ ծավալները շարունակում են գրանցվել Ռուսաստանի ուղղությամբ։ Խոշոր գործընկերների առաջատար եռյակում են նաև Չինաստանն ու Վրաստանը։

Քայլեր են ձեռնարկվում հայկական պտուղ-բանջարեղենը Հունաստան արտահանելու ուղղությամբ

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը աշխատանքներ է տանում տեղական պտուղ-բանջարեղենի արտահանման շուկաները դիվերսիֆիկացնելու և դեպի Հունաստան ուղղություն բացելու համար։ Այս քայլը հաջորդում է «Ռոսսելխոզնադզորի» կողմից բուսասանիտարական պահանջների խախտման հիմնավորմամբ հայկական մի շարք մրգերի ներմուծման ժամանակավոր սահմանափակմանը։

TRIPP նախագիծը կբերի միլիարդավոր դոլարների ներհոսք. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ TRIPP տարածաշրջանային նախագիծը միլիարդանոց ծրագիր է, որը նոր ներդրումների ներհոսք կապահովի։ Անդրադառնալով միկրոբիզնեսի բարեփոխումներին՝ նա նշել է, որ արտոնյալ պայմաններ ստեղծելուն զուգահեռ ներդրվելու են մեխանիզմներ, որպեսզի այդ արտոնությունները չչարաշահվեն։

ՊԵԿ-ը կանխել է Իրանից 26 կգ բնական մազերի չհայտարարագրված ներմուծումը

«Ագարակ» մաքսային անցման կետում ՊԵԿ աշխատակիցները Իրանից ժամանած բեռնատարի զննության արդյունքում վարորդի խցիկի բարձերի միջից հայտնաբերել են չհայտարարագրված 143 կապ բնական մազ՝ 26 կգ ընդհանուր քաշով։ Ապրանքն առգրավվել է, իսկ անօրինական ներմուծման փորձը՝ կանխվել։

Միջազգային լուրեր

Եվրամիությունում ավտոմոբիլային վառելիքի վաճառքը կտրուկ նվազել է

Բենզինի և դիզվառելիքի գների աճի պատճառով եվրագոտու երկրներում վառելիքի վաճառքը նվազել է մինչև 2023 թվականից ի վեր ամենացածր մակարդակը։ Գերմանիայում, Նորվեգիայում, Ավստրիայում և Մեծ Բրիտանիայում գրանցվել է վաճառքի երկնիշ կամ 10%-անոց անկում։ Ճգնաժամի մեղմման համար եվրոպական կառավարությունները հատկացրել են ավելի քան 11 մլրդ եվրո։

Մերձավոր Արևելքի լարվածության պատճառով դեպի Դուբայ չվերթները մասշտաբային փոփոխությունների են ենթարկվել

Աշխարհի առաջատար ավիաընկերությունները Մերձավոր Արևելքում չդադարող աշխարհաքաղաքական լարվածության պատճառով զանգվածաբար չեղարկում, հետաձգում կամ դադարեցնում են չվերթները դեպի Դուբայ և տարածաշրջանի այլ առանցքային քաղաքներ։ Որոշ երթուղիներով թռիչքների սահմանափակումները երկարաձգվել են ընդհուպ մինչև աշնան վերջ։

Ռուսաստանը 2026 թվականին նախատեսում է ավելացնել գազի արդյունահանումն ու արտահանումը

ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակի փոխանցմամբ՝ սոցիալ-տնտեսական զարգացման կանխատեսումների համաձայն՝ 2026 թվականին Ռուսաստանում գազի արդյունահանման ծավալները կավելանան՝ հասնելով 688.4 միլիարդ խորանարդ մետրի (2025 թվականի 663 միլիարդ խմ-ի դիմաց)։

OpenAI-ը ԱՄՆ-ում գաղտնի IPO-ի (բաժնետոմսերի հրապարակային տեղաբաշխման) հայտ է ներկայացրել

ChatGPT-ի մշակող OpenAI ընկերությունը գաղտնի հայտ է ներկայացրել ԱՄՆ-ում՝ մասնավոր կարգավիճակից հանրայինի անցնելու և բաժնետոմսերը բաց շուկայում տեղաբաշխելու համար։ Այս քայլը հաջորդում է AI շուկայում մրցակցության սրմանը, մասնավորապես՝ Anthropic ընկերության կողմից ռեկորդային 65 մլրդ դոլար ներգրավելուն, ինչի արդյունքում վերջինիս արժեքը գերազանցել է 900 մլրդ դոլարը։

Leave a comment