«Հայաստան» դաշինքը դիմել է խորհրդարանական ընտրությունների քվեների վերահաշվարկի համար և պատրաստվում է վերջնահաշվարկի հրապարակումից հետո դիմել Սահմանադրական դատարան՝ վիճարկելու ընտրության արդյունքները։ Այս մասին հունիսի 9-ին լրագրողներին ասել է «Հայաստան» դաշինքի անդամ Իշխան Սաղաթելյանը։
Սաղաթելյանը հայտնել է, որ մանդատները վերցնելու կամ չվերցնելու հարցը քննարկելու են մյուս ընդիմադիր ուժերի հետ և միասնական որոշում կայացնեն։
«Մեր ցանկացած որոշում բխելու է ընդհանուր պայքարի տրամաբանությունից», – ասել է Սաղաթելյանը։
Նախօրեին «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը դիմել է խորհրդարանական ընտրությունների արդյունքների վերահաշվարկի համար։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովում հրապարակված տվյալների համաձայն ԲՀԿ-ն ստացել է 3,9% քվե։ Կուսակցությունների համար խորհրդարան անցնելու շեմը 4%-է։
Հունիսի 9-ին ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներում դիմումների հիման վրա ընտրությունների քվեների վերահաշվարկ է սկսվել։
ԿԸՀ-ն ամփոփել է բոլոր 2005 ընտրատեղամասի նախնական արդյունքները։ Քվեարկությանը մասնակցել է 1,477,736 ընտրող։
Նախնական տվյալներով խորհրդարան կանցնի 3 ուժ` 2 դաշինք, 1 կուսակցություն։
Կուսակցությունների դեպքում անցողիկ շեմը 4 տոկոսն է, դաշինքների դեպքում՝ 8 տոկոսը։
Նախնական արդյունքներով խորհրդարան կանցնեն հետևյալ ուժերը՝
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն-727 827 քվե, 49,8 %
«Ուժեղ Հայաստան» դաշինք- 340 088 քվե, 23,28%
«Հայաստան» դաշինք- 145 113 քվե, 9,93%։