Եվրամիությունը կոչ է արել հարգել ընտրությունների արդյունքները

Երեւան: Մեդիամաքս: Եվրոպական միության արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը ԵՄ անունից հայտարարություն է արել Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վերաբերյալ։

Հայտարարության մեջ ասված է.
«Եվրոպական Միությունը շնորհավորում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին խորհրդարանական ընտրություններում ժողովրդավարական քվեարկության իրենց ինքնիշխան իրավունքն իրականացնելու կապակցությամբ եւ ողջունում է քաղաքացիական բարձր ակտիվությունը։ Քվեարկությունը վկայում է Հայաստանի ժողովրդավարությանը, խաղաղությանը, տարածաշրջանում համագործակցության խորացմանը, ինչպես նաեւ Եվրոպայի հետ ավելի սերտ կապերին հաստատակամ հավատարմության մասին։
Ընտրությունների դիտարկման ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ առաքելության նախնական եզրակացությունների եւ գնահատականների համաձայն՝ չնայած նախընտրական քարոզարշավի բեւեռացվածության բարձր աստիճանին, ընտրությունները ընտրողներին ընձեռել են հստակ քաղաքական այլընտրանքներ եւ լավ կազմակերպված էին համապատասխան իրավական դաշտի շրջանակներում։
Նախընտրական քարոզարշավն ու քվեարկությունն անցան Ռուսաստանի կողմից աննախադեպ միջամտության, ճնշման եւ անընդհատ հիբրիդային հարձակումների պայմաններում, այդ թվում՝ տնտեսական հարկադրանքի միջոցների կիրառմամբ, որոնք ուղղված էին ժողովրդավարական գործընթացը խաթարելուն եւ բեւեռացումը սրելուն։ Այնուամենայնիվ, ընտրությունները արտացոլեցին Հայաստանի ժողովրդավարական կայունությունն ու բարեփոխումների ճանապարհին նրա հաջողությունները։ Դրանք նաեւ հաստատեցին հայ ժողովրդի հավատարմությունը եվրոպական արժեքներին, խաղաղ քաղաքական մասնակցությանը եւ կայուն, անվտանգ ու բարգավաճ ապագայի ձգտմանը։
ԵՄ-ն ի գիտություն է ընդունում ՀՀ ընտրական մարմինների կողմից հայտարարված նախնական արդյունքները, որոնք վկայում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վստահ առաջատարության մասին։ Մենք կոչ ենք անում բոլոր քաղաքական դերակատարներին հարգել քվեարկության արդյունքներն ու ժողովրդավարական ընթացակարգերը, ինչպես նաեւ ցանկացած ընտրական բողոք քննարկելու համար օգտվել իրավական մեխանիզմներից։
ԵՄ-ն հաստատակամ կանգնած է Հայաստանի եւ նրա ժողովրդի կողքին եւ հաստատում է Հայաստանին աջակցելու եւ մեր գործընկերությունն առավել խորացնելու իր հանձնառությունը։ Մենք անհամբեր սպասում ենք Հայաստանի ապագա կառավարության եւ խորհրդարանի հետ սերտ համագործակցության շարունակությանը՝ նրանց համապարփակ բարեփոխումների ծրագրի իրականացման, տարածաշրջանային խաղաղությանը, տնտեսական աճին եւ փոխկապակցվածությանը նպաստելու նպատակով՝ հանուն Հայաստանի ինքնիշխանության, կայունության, ժողովրդավարության եւ բարգավաճման ամրապնդման»։ 

Leave a comment