Օտարերկրյա համարներից կեղծ ահազանգեր են տարածվել ընտրատեղամասերում ռումբերի մասին

Հասարակություն

07.06.2026 | 13:56

ՀՀ քաղաքացիները օտարերկրյա հեռախոսահամարներից և էլեկտրոնային փոստի հասցեներից ստացել են զանգեր ու հաղորդագրություններ, որոնցում կեղծ տեղեկություններ են տարածվել իբր որոշ ընտրատեղամասերում ռումբեր տեղադրված լինելու մասին։ ՆԳՆ ոստիկանությունը հայտնում է, որ ահազանգերը չեն համապատասխանել իրականությանը, իրավիճակը վերահսկվում է, իսկ քաղաքացիներին հորդորում են չտարածել չստուգված տեղեկություններ և նման հաղորդագրությունների դեպքում դիմել իրավապահներին։

«Օտարերկրյա հեռախոսահամարներից և էլեկտրոնային փոստի հասցեներից ՀՀ քաղաքացիներին զանգեր և հաղորդագրություններ են ստացվել, որոնցում կեղծ տեղեկություններ են տարածվել իբր որոշ ընտրատեղամասերում ռումբեր են տեղադրված։

Իրավապահ մարմինների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ահազանգերը չեն համապատասխանում իրականությանը։

Նման գործողությունները կարող են դիտարկվել որպես հիբրիդային ազդեցության և տեղեկատվական-հոգեբանական ճնշման փորձեր, որոնց նպատակն է խաթարել բնականոն ընտրական գործընթացը, հասարակության մեջ տարածել անհանգստություն և անվստահություն, ինչպես նաև ծանրաբեռնել պետական կառույցների աշխատանքը։

ՆԳՆ ոստիկանությունը և իրավապահ համակարգը լիովին վերահսկում են իրավիճակը։ Քաղաքացիներին հորդորում ենք չտրվել ապատեղեկատվությանը, չտարածել չստուգված տեղեկություններ և նման հաղորդագրություններ ստանալիս անմիջապես տեղեկացնել իրավապահ մարմիններին»,- ասված է հաղորդագրությունում։

Leave a comment