Վարժական հավաքից խուսափելը հանգեցնում է 3 տարվա ազատազրկման. դատախազության նախազգուշացումը

Բաժանորդագրվել

Դատախազությունը շեշտել է, որ ծանուցում ստացած բոլոր քաղաքացիները պարտավոր են ժամանակին ներկայանալ իրենց զինվորական հաշվառման մարմիններ՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար:

ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի – Sputnik. Վարժական հավաքներից խուսափելը հանգեցնում է մինչև 3 տարի ազատազրկման։ Այս մասին նախազգուշացում է տարածել ՀՀ գլխավոր դատախազությունը։

«Զինվորական կոմիսարիատ չներկայանալն ու վարժական հավաքներից խուսափելը համարվում է հանցագործություն: Քրեական օրենսգրքի 462-րդ հոդվածի 1-ին մասով քրեական պատասխանատվություն է նախատեսված հայտարարված վարժական հավաքից խուսափելու համար։ Այս արարքի համար որպես պատիժ նախատեսված է նաև ազատազրկում՝ 1-3 տարի ժամկետով»,– ասված է հայտարարությունում։

Դատախազությունից հավելել են, որ ծանուցում ստացած բոլոր քաղաքացիները պարտավոր են ժամանակին ներկայանալ իրենց զինվորական հաշվառման մարմիններ՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար:

Ավելի վաղ լուր էր տարածվել, որ ուժայինները «Զվարթնոց» ժամանողներին 25-օրյա զինվորական հավաքների ծանուցագրեր են հանձնում՝ ենթադրաբար հունիսի 7-ին կայանալիք քվեարկությանը նրանց մասնակցությունը թույլ չտալու նպատակով։ ՊՆ ռազմական ոստիկանությունը չէր հերքել լուրը՝ նշելով, որ «իրականացնում է ծառայություն՝ նպատակ ունենալով աջակցել զինվորական կոմիսարիատներին՝ զինապարտ քաղաքացիներին զինվորական հաշվառման վերցնելու, պարտադիր զինվորական ծառայության զորակոչելու և պահեստազորային պատրաստության միջոցառումներին ներգրավելու գործընթացում»։

Այսօր առավոտյան էլ իշխանամետ տելեգրամյան ալիքները հայտնել էին, որ Հայաստանի իշխանությունն արգելել է երկրից մեկնել վերջերս Ռուսաստանից ժամանած զորակոչային տարիքի այն քաղաքացիներին, որոնք միայն ընտրությանը մասնակցելու համար են ՀՀ ժամանել։

Leave a comment