Ներկայացնում ենք Carnegie Europe-ի ավագ գիտաշխատող, վերլուծաբան Թոմաս դե Վաալի Armenia, Azerbaijan and the unfinished peace հոդվածի հայերեն թարգմանությունը:
Թոմաս դե Վաալ
Հարավային Կովկասը սկսում է ազատվել որոշ մռայլ մակդիրներից, որոնք տարիներ շարունակ կառչել էին տարածաշրջանից։ Այն այլեւս «հակամարտությունների մեջ խրված» կամ «անհանգիստ» չէ, երբեմն նույնիսկ հակառակը։ Երբ փետրվարի վերջին սկսվեց Իրանի հակամարտությունը, թռիչքային քարտեզները սկսեցին ցույց տալ ինքնաթիռների նեղ արահետ, որոնք սլանում են Սեւ եւ Կասպից ծովերի միջեւ լեռնային տարածքով՝ շրջանցելով Ռուսաստանն ու Իրանը։
Լավատեսության հիմնական պատճառն այն է, որ Հայաստանն ու Ադրբեջանը դանդաղ շարժվում են դեպի խաղաղության համաձայնագիր, որն առաջին անգամ կկարգավորի նրանց հարաբերությունները Խորհրդային Միության փլուզմանը հաջորդած անկախությունից ի վեր։ 1988 թվականին սկսված հակամարտությունն ավարտված է։ Երբ Հայաստան-Ադրբեջան եւ Հայաստան-Թուրքիա սահմանները վերջապես բացվեն, Հարավային Կովկասը ճանապարհային խոչընդոտից կվերածի հանգույցի, Արեւելք-Արեւմուտք ճանապարհային կապի եւ տարանցման միջանցքի։
Պատկերն ամենեւին կատարյալ չէ։ Ռուսաստանի ներկայությունը տարածաշրջանում նվազել է, բայց Մոսկվան դեռեւս փորձում է գործածել գերիշխանի իր մկանները՝ պահանջելով, որ Հայաստանը հավատարմություն ցուցաբերի, հակառակ դեպքում կենթարկվի տնտեսական պատժի:
Տարածաշրջանի երրորդ երկիրը՝ Վրաստանը, հետընթաց է ապրում՝ բաց, գործունակ, եվրոպամետ ժողովրդավարությունից դառնալով փակ միակուսակցական պետության, որը գլխավորում է գողապետական վերնախավը, թեեւ այս ինքնամեկուսացումը տարօրինակ կերպով նպաստում է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանը։
Հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը տեղի ունեցավ մեծ մարդկային գնով՝ վերջին վեց տարիների ընթացքում տեղահանությունների եւ ավերածությունների նոր ալիքներից հետո: Ստատուս քվոն խախտվեց, քանի որ հայկական կողմը ծանր ռազմական պարտություն կրեց Ադրբեջանից, իսկ երկրորդ պարտությունից հետո՝ 2023 թվականին, Ադրբեջանը գրավեց հայաբնակ Լեռնային Ղարաբաղը՝ ստիպելով 100,000 հայ բնակիչներին փախչել: Այդպիսով ֆիզիկապես ջնջվեց Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանը, որը երկու երկրների միջեւ վեճի հիմնական պատճառն էր, ինչն այժմ թույլ տվեց երկրներին ճանաչել միմյանց տարածքային ամբողջականությունը։
Չնայած հակամարտության վերսկսումը հիմա շատ անհավանական է թվում, լիակատար խաղաղություն դեռեւս երաշխավորված չէ։ Գործընթացի անմիջական ապագան ներկայում կախված է մեկ խարիզմատիկ, բայց անկայուն անհատի՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հաջողությունից կամ ձախողումից: Նա եւ նրա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կանգնած են հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների առջեւ, որոնք նաեւ հանրաքվե են, որը վերաբերում է Հայաստանի պատմական թշնամու հետ խաղաղության գործընթացին։
Այս դարաշրջանում, երբ բազմաբեւեռությունը փոխարինել է բազմակողմանիությանը, տարածաշրջանն ասես լաբորատորիա է փոքր պետությունների կողմից իրականացվող նոր տեսակի գործարքային քաղաքականության համար: Այն գաղափարը, որ տարածաշրջանը երկբեւեռ է՝ թակարդված Ռուսաստանի եւ Արեւմուտքի բախման մեջ, այսօր կիրառելի չէ, եթե չհաշվենք Կրեմլի ռազմավարագետներին: Փոխարենը Հարավային Կովկասը աշխարհաքաղաքական շուկա է: Այստեղ են Եվրամիությունը, Չինաստանը, Պարսից ծոցի երկրները, Հնդկաստանը, Թուրքիան եւ Միացյալ Նահանգները: Այս գերբնակեցված դաշտում Ռուսաստանը այժմ մեկն է շատերի թվում:
Հարավային Կովկասի երեք երկրներից յուրաքանչյուրը յուրովի է դիվերսիֆիկացնում իր տարբերակները՝ ընտրելով առանձնահատուկ ռազմավարություն։
Փաշինյանը ձգտում է դիվերսիֆիկացնել Հայաստանի արտաքին քաղաքականությունը՝ փորձելով ապրել առանց Ռուսաստանից կախվածության։ Մինչեւ 2020 թվականը Հայաստանը բոլորովին այլ երկիր էր։ Այն դեռեւս հաղթող էր Ադրբեջանի հետ հակամարտությունում, պահպանում էր 1990-ականների կոնֆլիկտում ձեռք բերված տարածքային նվաճումները, բայց անում էր դա Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ փակ սահմանների եւ Ռուսաստանի հետ սերտ ու գրեթե խեղդող դաշինքի գնով։
Այժմ Հայաստանը սովորում է, որ պարտությունը կարող է առավելություններ ունենալ։ Իրար հաջորդող կիսաավտորիտար վարչակարգերի դեմ պայքարելուց հետո այն այժմ տարածաշրջանի երեք երկրներից ամենաժողովրդավարականն է. աստեղ կարելի է ամենաազատը շնչել։ Այն կարող է է՛լ ավելի ազատ լինել, եթե Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հաղթի ընտրություններում, եթե նա հաջողությամբ ավարտի Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ խաղաղության գործընթացը, եւ եթե փակ սահմանները վերաբացվեն։
Փաշինյանի նախընտրական ելույթը առաջ է մղում «Իրական Հայաստան» կոչվող գաղափարը. Հայաստան, որը բարգավաճում է իր միջազգայնորեն ճանաչված սահմաններում, տարածքային պահանջներ չի ներկայացնում Ադրբեջանի եւ Թուրքիայի նկատմամբ, դիվերսիֆիկացնում է իր միջազգային գործընկերներին եւ թուլացնում է Ռուսաստանի ազդեցությունը երկրի տնտեսության, անվտանգության ոլորտի եւ էներգետիկայի վրա։
Սա մերժում է այն սկզբունքը, որը երեք տասնամյակ շարունակ ավանդական էր հայ քաղաքական գործիչների եւ քաղաքացիների շրջանում. Հայաստանը պետք է զոհողությունների գնա՝ ապահովելու վիճելի Լեռնային Ղարաբաղի շրջանի (հայաբնակ, բայց միջազգայնորեն ճանաչված Ադրբեջանի մաս կազմող) անջատումը։
Այդ ռազմավարության հետեւանքը կախվածությունն էր Ռուսաստանից։ 1990-ականներին սկսված եւ 2000-ականներին խորացած գործընթացում Հայաստանի նախագահները ֆաուստյան գործարք կնքեցին Մոսկվայի հետ, որը պահպանեց նրանց հաղթանակները մարտադաշտում՝ ռազմական եւ տնտեսական աջակցության դիմաց։ Ռուսաստանը պահեց իր ռազմաբազան, տրամադրեց սահմանապահներ, մատակարարեց էներգիա եւ տիրեց երկրի գրեթե բոլոր խոշոր տնտեսական ակտիվներին։
2013 թվականին նախկին նախագահ Սերժ Սարգսյանն արդեն մոտ էր Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագիր ստորագրելուն, սակայն կտրուկ փոխեց իր միտքը, երբ Պուտինը հիշեցրեց նրան անվտանգության առումով Ռուսաստանին վիրավորելու հետեւանքների մասին: Մի գիշերվա ընթացքում Սարգսյանին համոզեցին միանալ Ռուսաստանի Եվրասիական տնտեսական միությանը:
Այդ ժամանակաշրջանն այժմ ավարտվել է: Ղարաբաղի անկումը ազդարարեց տարածաշրջանում ռուսական մեծ ազդեցության դարաշրջանի ավարտը, քանի որ Մոսկվան կորցրեց իր ամենամեծ լծակը եւ՛ Հայաստանի, եւ՛ Ադրբեջանի վրա. նրանց միջեւ հակամարտությունը:
Փաշինյանն օգտագործեց այս պահը եւ Ռուսաստանի ուշադրության շեղումը Ուկրաինայում: Նա հարաբերություններ է կառուցում ոչ միայն Եվրոպայի, այլեւ այլ գործընկերների հետ, օրինակ՝ Հնդկաստանի: Նա սառեցրել է Հայաստանի մասնակցությունը Ռուսաստանի գլխավորած անվտանգության պայմանագրին՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ): Նա հանդիպել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ եւ հրապարակավ հայտարարել, որ ինքը Ռուսաստանի դաշնակիցը չէ, երբ խոսքը վերաբերում է Ուկրաինային:
Կրեմլի արձագանքը ուշացած էր եւ որոշ չափով հուսահատ: Երբ մայիսի 9-ին լրագրողները հարցրին Եվրոպայի հետ Հայաստանի հարաբերությունների մասին, Պուտինը պատասխանեց, որ Ուկրաինայի հետ իր խնդիրները սկսվել են Եվրոպայի պատճառով եւ զգուշացրեց հայերին, որ նրանք «չպետք է ծայրահեղության գնան»։
Ինչպես անցյալ տարի Մոլդովայում, Մոսկվան այժմ փորձում է ազդել հունիսյան ընտրությունների վրա։ Վերջին րոպեին Ռուսաստանը՝ Բելառուսի, Ղազախստանի եւ Ղրղզստանի հետ միասին, հայտարարություն արեցին՝ պահանջելով, որ Հայաստանը ընտրություն կատարի՝ արդյոք ցանկանում է լինել Եվրասիական տնտեսական միությա՞ն, թե՞ ԵՄ անդամ։ Ռուսաստանը պատրվակներ է գտել սանիտարական նկատառումներից ելնելով դադարեցնել հայկական գյուղատնտեսական արտադրանքի եւ հանքային ջրի ներմուծումը. զենք, որը Մոսկվան նախկինում օգտագործել է Վրաստանի դեմ։ Մոսկվան կարող է նաեւ բարձրացնել գազի գինը։
Այս միջոցառումները ցավոտ կլինեն Հայաստանի համար, սակայն Վրաստանի եւ Մոլդովայի փորձը ցույց է տալիս, որ այս տեսակի մարտավարությունը ավելի շատ օտարացնում են ընտրողներին, քան համոզում: 2023 թվականին Ղարաբաղը կորցնելուց եւ ռուս խաղաղապահների անգործությունից հետո հայերը աննախադեպ անվստահություն ունեն իրենց նախկին մեծ հովանավորի նկատմամբ։
Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, հավանաբար, կհաղթի ընտրություններում՝ համարյա ավտոմատ կերպով, եւ ոչ այն պատճառով, որ վարչապետը դեռեւս ժողովրդականություն է վայելում (դա այդպես չէ), այլ որովհետեւ Հայաստանի ընդդիմությունը դրանից էլ պակաս ձեռնհաս կամ տպավորիչ է եւ չափազանց կապված է Ռուսաստանի հետ: Մեկ ընդդիմադիր կուսակցություն կապեր ունի վարկաբեկված նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ: Մյուսը գլխավորում է ռուսահայ գործարար Սամվել Կարապետյանը, որը ներկայում տնային կալանքի տակ է եւ իր անփորձ որդուն եւ եղբորորդուն հանձնարարել է իր փոխարեն քարոզարշավ անցկացնել, սակայն դրա արդյունքները թույլ են։
Հաղթանակը ընտրություններում, սակայն, Փաշինյանի գործի հեշտ մասն է։
Երկկողմանի բանակցությունների արդյունքում կնքված 17 կետանոց համաձայնագիրը նախաստորագրվել է Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի կողմից Սպիտակ տանը անցյալ օգոստոսին։ Արդեն իսկ կան դրական արդյունքներ. երկու երկրների սահմաններին, որտեղ կրակոցները հաճախակի էին, զոհերի մասին հաղորդագրություններ չեն եղել: Սահմանազատման հանձնաժողովը թափ է հավաքել: Մասնագետներն ու գիտնականները սկսել են այցելել միմյանց երկրները:
Սակայն Ադրբեջանը դեռ պայմաններ ունի: Ալիեւը պնդում է, որ նախքան խաղաղության համաձայնագրի ստորագրումը, վավերացումը եւ լիարժեք ուժի մեջ մտնելը Հայաստանը պետք է ունենա նոր սահմանադրություն, որտեղ չի լինի հղում 1990 թվականի Անկախության հռչակագրին, որը հաստատում է Հայաստանի միությունը Լեռնային Ղարաբաղի հետ: Ալիեւի խոսքով՝ դա տարածքային պահանջ է Ադրբեջանի նկատմամբ եւ չպետք է լինի Հայաստանի սահմանադրությունում, եթե խաղաղություն է լինելու:
Սա նշանակում է, որ խաղաղության լիարժեք վավերացման համար Փաշինյանը նախ պետք է հունիսյան ընտրություններում հաղթի խորհրդարանի տեղերի երկու երրորդը եւ ձեռք բերի մեծամասնություն, որը հնարավորություն կտա նոր սահմանադրության հանրաքվե անցկացնել: Այնուհետեւ նա պետք է հաղթի նաեւ հանրաքվեում: Ցանկացած բրիտանացի կասի ձեզ, որ երկակի հարցի դեպքում ընտրողներից շատերը կգտնեն պատճառներ՝ «Այո»-ի փոխարեն «Ոչ» քվեարկելու համար, եւ այդ պատճառներից ընդամենը մի քանիսը անուղղակի առնչություն կունենան տրված հարցի հետ: Հայ փորձագետների մեծ մասը կարծում է, որ քվեարկությունը շատ դժվար կլինի։
Մոսկվան փորձում է միջամտել՝ ֆինանսավորելով ընդդիմադիր կուսակցություններին եւ օգտագործելով սոցցանցերը՝ գործող կառավարության մասին կեղծ լուրեր տարածելու համար։ Նույնիսկ եթե իշխող կուսակցությունը հաղթի, Ռուսաստանի ջանքերը կարող են նվազեցնել մասնակցությունը եւ տպավորություն ստեղծել, որ հաղթանակը լիարժեք լեգիտիմություն չունի, ինչը կհարթի սահմանադրական հանրաքվեում «ոչ» քվեարկելու ճանապարհը։
Կառավարության նոր արեւմտյան ընկերներն անում են ամեն հնարավորը։ Մայիսին Երեւանում կայացած Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը՝ Եվրամիության, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի եւ Կանադայի առաջնորդների մասնակցությամբ, որին հաջորդեց ԵՄ-Հայաստան առաջին գագաթնաժողովը, ցույց տվեց, թե ինչ է նախընտրում Եվրոպան, նույնիսկ եթե առաջնորդներից ոչ մեկը չհիշատակեց ընտրությունները։ Ենթակառուցվածքային նախագծերի համար ֆինանսական օգնությունը եւ վիզաների ազատականացման ուղղությամբ քայլերը նախատեսված են հայերին պարգեւատրելու իրենց նոր եվրոպամետ տրամադրությունների համար։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պակաս շրջահայաց էր։ Մայիսի 28-ին Truth Social-ում գրառման մեջ նա հայտարարեց. «Նիկոլն ունի իմ ԼԻԱԿԱՏԱՐ եւ ՀԱՄԱՊԱՐՓԱԿ աջակցությունը 2026 թվականի հունիսի 7-ին վերընտրվելու համար»։
Անցյալ տարի Միացյալ Նահանգները անսպասելի հանդես եկան միջնորդի դերում։ Ի տարբերություն այլ հաջողված խաղաղության համաձայնագրերի մասին չափազանցված պնդումների՝ Վաշինգտոնի ներգրավվածությունն այս գործընթացում էական է եւ հավանական է, որ արդյունքներ կտա։
2025 թվականի սկզբին թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի առաջնորդները առանձին-առանձին եզրակացրին, որ Ռուսաստանի ավանդական պնդումը, որ ինքն է գլխավոր միջնորդը, պետք է մերժվի։ Հետեւաբար ջերմորեն ընդունվեց ԱՄՆ դեսպան Սթիվ Վիտկոֆի առաջարկը՝ հրավիրել բարձր մակարդակի հանդիպում։
Օգոստոսի 8-ին Սպիտակ տանը կայացած հանդիպումը ԱՄՆ-ն դարձրեց Հարավային Հայաստանի միջով Ադրբեջանը Նախիջեւանի էքսկլավի հետ կապող 43 կմ երկարությամբ նոր տարանցիկ երթուղու երաշխավորը։ Երթուղին կոչվում է «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության եւ բարգավաճման» (TRIPP): Այն երկու երկրների միջեւ հիմնական երկաթուղային զարկերակն էր, որը փակվել էր հակամարտության պատճառով ավելի քան 30 տարի առաջ՝ վնասելով թե՛ Հայաստանին, թե՛ Նախիջեւանին։ Դրա վերականգնումը մեծ տնտեսական խթան կլինի երկու երկրներին, կսկսի տնտեսական փոխկախվածություն ստեղծել, ինչպես նաեւ կապահովի այլընտրանքային արեւելք-արեւմուտք երկաթուղային երթուղի Թուրքիայի եւ Կենտրոնական Ասիայի միջեւ։
Արդյո՞ք այս ուշադրությունն ու ջանքերը բավարար կլինեն։ Դեռ շատ բան կա, որը կարող է սա չեղարկել։ ԱՄՆ ջանքերը իրական են, եւ դրանց հաջորդել են այս տարի փոխնախագահ Ջեյ Դի Վենսի եւ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի այցելությունները տարածաշրջան։ Այս վարչակազմի օրոք արտասահմանյան նախագծի համար անսովոր երեւույթ է, որ ԱՄՆ կառավարությունը ֆինանսավորում է գտել նախագծի համար եւ համագործակցում է եվրոպական կառավարությունների հետ: Երթուղու անվանակոչումը իր անունով պետք է կենտրոնացնի Թրամփի ուշադրութունը եւ նպաստի, որ կառուցումն ավարտվի մինչեւ նրա նախագահական ժամկետի վերջը՝ 2028 թվականը։
Ցավոք, Թրամփի Սպիտակ տունը դանդաղեցրել է TRIPP-ի իրականացումը Իրանի հետ աղետալի պատերազմի պատճառով: Նախատեսվող երկաթուղին հենց հայ-իրանական սահմանին է, եւ այս պահին հնարավոր չէ այնտեղ ամերիկացի տեխնիկական փորձագետներ տեղակայել: Բոլոր կողմերը ցանկանում են առաջընթաց գրանցել, բայց ստիպված կլինեն դա անել նոր սահմանափակումների շրջանակներում։
Վարչապետի ամենամեծ անմիջական խնդիրը ոչ թե Ռուսաստանն է կամ իր նոր դաշնակիցների ուշադրությունը, այլ, հավանաբար, հենց ինքը: 2018-ին փողոցային բողոքի ալիքի օգնությամբ իշխանության գալուց ի վեր նա արել է այնպես, որ ամեն ինչ պտտվում է իր շուրջը: Փաշինյանի կառավարման ոճը չափազանց անհատականացված է, ոչ թե ինստիտուցիոնալ: Նրա վարքագիծը անկանխատեսելի է: Թեեւ նա իր ադրբեջանցի գործընկերոջից ավելի ժողովրդավար է, նա ունի նույն հայրիշխանական համոզմունքը, որ հանրությանը պետք է ասել՝ ինչ մտածել, ոչ թե երկխոսության մեջ մտնել։
Քարոզարշավի ընթացքում Փաշինյանը զայրացած հարձակվել է իր հետ չհամաձայնվողների, մասնավորապես՝ Ղարաբաղից հայ փախստականների վրա։ Միջադեպի ժամանակ նա հայհոյել է մի ղարաբաղցու, որը հետագայում ձերբակալվել է խուլիգանության կասկածանքով։ «Դու պետք է գնայիր ու մեռնեիր մեր երեխաների փոխարեն», – բղավել է Փաշինյանը։ Սա Փաշինյանին ձայներ կարժենա եւ վատ նախանշան է հայ հասարակության մեջ Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացի վերաբերյալ համաձայնություն ձեռք բերելու առումով։
Մինչդեռ խաղաղության հաջող գործընթացի բանալին Ադրբեջանի ձեռքում է։
Ադրբեջանը վերջին հինգ տարիների վայրիվերումներից դուրս եկավ որպես հաղթող՝ վերականգնելով 1990-ականներին կորցրած բոլոր տարածքները։ Այն դարձավ նաեւ տարածաշրջանի ամենահզոր երկիրը՝ շնորհիվ շատ հաջող բազմակողմ դիվանագիտության։ Վերջին վեց տարիներին նախագահ Ալիեւին հաջողվեց երկկողմ համաձայնագրեր ստորագրել ոչ միայն իր ավանդական դաշնակցի՝ Թուրքիայի, այլեւ Ռուսաստանի, Եվրամիության եւ Միացյալ Նահանգների հետ։ Ապրիլին նա հյուրընկալեց Ուկրաինայի առաջնորդ Զելենսկուն։
Փետրվարին Ալիեւն ասաց, որ Հայաստանի հետ պատերազմն ավարտվել է, «եւ դա շատ լավ զգացողություն է»։ Ադրբեջանն առաջին անգամ թույլ տվեց ցորենի եւ վառելիքի մատակարարումը Հայաստան: Ադրբեջանցի եւ հայ փորձագետները սկսեցին այցելել մյուս կողմի մայրաքաղաքները՝ կառավարության պաշտոնական օրհնությամբ:
Սակայն պնդելով, որ Հայաստանը պետք է սահմանադրական հանրաքվե անցկացնի իրավական խնդրի շուրջ, որը քչերն էին նկատել, ադրբեջանական կողմը ազդանշան է տալիս, որ դեռեւս շատ զգուշավոր եւ անվստահ է, որ պատրաստ է այս կարեւոր քայլին: Ադրբեջանը դեռեւս խուսափում է վստահության ամրապնդման ավելի մեծ միջոցառումներից, որոնք կաջակցեին Հայաստանին: Մասնավորապես՝ Ալիեւը հաջողությամբ օգտագործում է բոլոր հնարավոր լծակները, որ համոզի իր մտերիմ դաշնակցին՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, որ Ադրբեջանից առաջ չկարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ: Նա անում է դա՝ չնայած նրան, որ թուրքական արտաքին գործերի կառույցում մեծամասնությունը ցանկանում է օգտվել Փաշինյանի իշխանության գալու եւ Ռուսաստանի Ուկրաինայում շեղվելու բարենպաստ հանգամանքներից եւ Հայաստանի հետ պատմական գործարք կնքել:
Ադրբեջանի պարադոքսն այն է, որ երկրի արտաքին քաղաքականությունը բաց դիվանագիտության մոդել է, մինչդեռ ներսում այն երբեք այսքան փակ չի եղել: Քովիդից վեց տարի անց համավարակը դեռեւս օգտագործվում է որպես պատրվակ՝ բոլոր ցամաքային սահմանները փակ պահելու համար: Միջազգային օգնության խիստ կարիք ունենալով՝ 2020 թվականին հայկական ուժերի կողմից ավերված տարածքները վերականգնելու եւ վերաբնակեցնելու համար, Բաքվի կառավարությունը երկրից դուրս է մղել ՄԱԿ-ի գրեթե բոլոր գործակալություններին եւ Կարմիր խաչի միջազգային կոմիտեին: Ձգտելով դեպի ԵՄ՝ Բաքուն բանտում պահում է քաղբանտարկյալներին, որոնք որեւէ սպառնալիք չեն ներկայացնում իշխանությունների համար։
Ամենադժվարը Ադրբեջանի առաջնորդի համար այն է, որ ավելի քան 20 տարի գրեթե յուրաքանչյուր ելույթում հարձակվելով հայ «ագրեսորների» եւ «օկուպանտների» վրա, հայերին վռնդելուց հետո Ալիեւն այժմ զբաղվում է թշնամու հետ գործընկերության նոր սցենարով։ Ադրբեջանն այլեւս չի կարող սահմանվել որպես երկիր, որը պետք է մոբիլիզացվի Հայաստանի դեմ։ Այն պետք է գտնի նոր միավորող ազգային պատում, ինչը դժվարացնում է այն փաստը, որ նավթային բումի տարիներն ավարտվել են, եւ այլեւս մեծ դրամական ավելցուկ չկա, որը կծախսվի հանրությանը գոհացնելու համար։
Այս ամենի պատճառով Ադրբեջանը չի շտապում ու ժամանակ է ձգում։ Բայց ժամանակը էական է։ Խաղաղության գործընթացի համար անհրաժեշտ է Փաշինյանի հանձնառությունը, Վաշինգտոնի եւ Եվրոպայի ակտիվ ներգրավվածությանը եւ Ռուսաստանի չմիջամտելը, իսկ առաջիկա տարիներին սրանցից ոչ մեկը ինքնըստինքյան համարել չի կարելի։ Հայաստանում առաջիկա ընտրությունները շատերի համար ընդամենը հաջորդ փորձությունն է, նախքան կկարողանանք վստահորեն խոսել ոչ միայն հակամարտության ավարտի, այլեւ Հարավային Կովկասում լիակատար խաղաղության մասին։
Թարգմանությունը՝ Մարիա Սադոյանի
Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները: