Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն այսօր ընդունել է ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատար Մայքլ Օ’Ֆլահերթիի գլխավորած պատվիրակությանը:
Ողջունելով հանձնակատարին՝ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը բարձր է գնահատել Եվրոպայի խորհրդի հետ ձևավորված համագործակցությունը Հայաստանի Հանրապետության՝ թափանցիկ և հաշվետու կառավարմանն ուղղված բարեփոխումների օրակարգի առաջմղման գործում: Այս համատեքստում փոխվարչապետը ընդգծել է Եվրոպայի խորհրդի կողմից Հայաստանի հետ իրականացվող 2023-2026թթ.ի գործողությունների ծրագրի նշանակությունը դատաիրավական համակարգի բարեփոխումների, տեղական ժողովրդավարության ամրապնդման, խոցելի խմբերի սոցիալական իրավունքների պաշտպանության և մի շարք այլ կարևոր ուղղություններով առաջընթացի ապահովման տեսանկյունից:
Զրուցակիցները մանրամասն անդրադարձ են կատարել Ղարաբաղի փախստականների իրավունքների պաշտպանության ուղղությամբ Կառավարության որդեգրած քաղաքականությանը:
Մասնավորապես՝ մտքեր են փոխանակվել տեղահանվածների կրթական, առողջապահական, սոցիալական պաշտպանության ծառայությունների հասանելիության, ինչպես նաև կայուն զբաղվածության և բնակարանային ապահովման ուղղությամբ Կառավարության կողմից իրականացվող աշխատանքների վերաբերյալ:
Անդրադառնալով փախստականների սոցիալ-տնտեսական ներառման ուղղությամբ արձանագրված արդյունքներին՝ հանձնակատար Օ’Ֆլահերթին բարձր է գնահատել ՀՀ կառավարության արագ և շուտափույթ արձագանքը, ինչպես նաև անդրադարձել է վերջին տարիներին Հայաստանի ժողովրդավարական առաջընթացի և մարդու իրավունքների պաշտպանության ուղղություններով գրանցած ձեռքբերումներին:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև գենդերային հավասարության, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերի լայն շրջանակի վերաբերյալ։
ՀՀ կառավարություն
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: