Քաղաքականություն
04.06.2026 | 20:07
Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ ռազմական ոստիկանությունը, օրենքով վերապահված լիազորությունների շրջանակում, ծառայություն է իրականացնում նաև ՀՀ սահմանային անցակետերում՝ աջակցելով զինվորական կոմիսարիատներին զինապարտ քաղաքացիների հաշվառման, զորակոչի և պահեստազորային պատրաստության միջոցառումների կազմակերպման գործընթացում։
Հայտարարությունը տարածվել է քննարկումներից հետո, թե սահմանային անցակետերը հատող քաղաքացիներին կարող են 25-օրյա վարժական հավաքների ծանուցագրեր հանձնել։
ՊՆ-ն նշել է, որ ՀՀ ռազմական ոստիկանությունը «Ռազմական ոստիկանության մասին» օրենքով սահմանված իր լիազորությունների շրջանակում իրականացնում է ծառայություն՝ նպատակ ունենալով աջակցել զինվորական կոմիսարիատներին զինապարտ քաղաքացիներին զինվորական հաշվառման վերցնելու, պարտադիր զինվորական ծառայության զորակոչելու և պահեստազորային պատրաստության միջոցառումներին ներգրավելու գործընթացում։
Ավելի վաղ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Factor.am-ի հետ զրույցում անդրադարձել էր համացանցում տարածված տեղեկություններին՝ նշելով, որ օդանավակայանում քաղաքացիներին ծանուցագրեր հանձնելու համար սահմանված կարգ կա, և նման գործընթաց իրականացնելը «ֆիզիկապես հնարավոր չէ»։ Միաժամանակ նա չէր բացառել, որ Հայաստան ժամանող զինապարտ քաղաքացիները կարող են ներգրավվել օրենքով նախատեսված գործընթացներում։
Նախարարը նաև նշել էր, որ սահմանային անցակետերում ռազմական ոստիկանության ներկայությունը պայմանավորված է վերջինիս գործառույթներով, որոնք կարող են իրականացվել ինչպես օպերատիվ տեղեկատվության հիման վրա, այնպես էլ հետախուզվող անձանց հայտնաբերման կամ այլ ծառայողական պարտականությունների շրջանակում։