Վերջին օրերին հայ-ադրբեջանական օրակարգը հայտնվել է ուշադրության կենտրոնում երկու զուգահեռ իրադարձությունների ֆոնին՝ Արցախի նախկին առաջնորդների գործերով Բաքվում կայացված դատավճիռների և ԱՄԷ-ում Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարներին միջազգային մրցանակի հանձնման
ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի․/Նովոստի–Արմենիա/․ Վերջին օրերին հայ-ադրբեջանական օրակարգը հայտնվել է ուշադրության կենտրոնում երկու զուգահեռ իրադարձությունների ֆոնին՝ Արցախի նախկին առաջնորդների գործերով Բաքվում կայացված դատավճիռների և ԱՄԷ-ում Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարներին միջազգային մրցանակի հանձնման։
Ինչպես հաղորդվել էր, Բաքվի ռազմական դատարանն այսօր հրապարակել է Լեռնային Ղարաբաղի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչների նկատմամբ հարուցված շինծու գործերով դատավճիռները։ Դատարանը ցմահ ազատազրկման է դատապարտել Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանին, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին, Պաշտպանության բանակի հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանին, ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանին և արտաքին գործերի նախկին նախարար Դավիթ Բաբայանին։ Դատարանը 20 տարվա ազատազրկման է դատապարտել Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին և Բակո Սահակյանին։ Որոշումը պայմանավորված է նրանով, որ դատարանի վերջնական որոշման կայացման պահին լրացել է նրանց 65 տարին, իսկ Ադրբեջանի օրենսդրությամբ արգելված է 65 տարին լրացած անձանց նկատմամբ կիրառել ցմահ ազատազրկում։
Այսօր ադրբեջանական դատարանը Մադաթ Բաբայանին և Մելիքսեթ Փաշայանին դատապարտեց 19 տարվա ազատազրկման, Գարիկ Մարտիրոսյանին՝ 18 տարվա, Դավիթ Ալավերդյանին՝ 16 տարվա։ Էրիկ Ղազարյանը, Գուրգեն Ստեփանյանը և Վասիլի Բեգլարյանը դատապարտվել են 15 տարվա ազատազրկման։
Մրցանակաբաշխություն
Այս ֆոնին ուշագրավ է, որ նախօրեին Աբու Դաբիում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը արժանացել են «Զայեդ» մարդկային եղբայրության 2026 մրցանակին: Մրցանակի կազմակերպիչները հայտարարել են, որ որոշումն ընդունվել է՝ հաշվի առնելով կողմերի ջանքերը երկխոսության և խաղաղության օրակարգի առաջմղման գործում:
Առանձին հրապարակումներում և սոցցանցերի մեկնաբանություններում հնչում էին կարծիքներ այն մասին, որ միջազգային նախաձեռնություններն ու խորհրդանշական քայլերը չեն վերացնում առկա խնդիրները, սակայն միևնույն ժամանակ դիտարկվում են որպես երկխոսության՝ պահպանվող սակավաթիվ խողովակներից մեկը:
Իրավապաշտպանների և ընդդիմության գնահատականը
Հայ իրավապաշտպանները, ընդդիմության և Սփյուռքի ներկայացուցիչներն ավելի վաղ հայտարարել են, որ այդ դատական գործընթացներն ունեն քաղաքական դրդապատճառներ և մատնանշել են արդար քննության երաշխիքների բացակայությունը։ Քաղաքական գործիչները և իրավապաշտպաններն իրենց հայտարարություններում և ԶԼՄ-ների համար մեկնաբանություններում նշել են, որ Բաքվի դատավճիռների ֆոնին «խաղաղության» մրցանակի հանձնումը հակասական է թվում և հաշվի չի առնում հումանիտար ու իրավական ասպեկտները։
Փաստաբան և իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը, ով Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ներկայացնում է հայ գերիների շահերը, հայկական ԶԼՄ-ներին տված մեկնաբանություններում հայտարարել է, որ Բաքվի դատական գործընթացները չեն համապատասխանում արդար քննության չափանիշներին: Նա ընդգծել է, որ նման որոշումները չեն կարող դիտարկվել հակամարտության հումանիտար բաղադրիչից և պահվող անձանց հարցից առանձին, ինչպես նաև նշել է, որ տեղի ունեցող կրում է քաղաքական բնույթ։
«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը կայացված դատավճիռները բնութագրել է որպես իրավական հիմքից զուրկ և կոչ է արել Հայաստանի իշխանություններին, ինչպես նաև միջազգային կառույցներին տալ դրանց քաղաքական և իրավական գնահատական։ Նա նաև նշել է, որ տեղի ունեցողը հակասում է հռչակված խաղաղության օրակարգին:
«Պատիվ ունեմ» ընդդիմադիր խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը հայտարարել է, որ Ալիև-Փաշինյան եղբայրական հարաբերությունների հաստատման և ցնծության ֆոնին, այսօր Բաքվում 16 հայերի նկատմամբ դատավճիռ է կայացվել։ Նա հիշեցրել է, որ պատանդի կարգավիճակում ապօրինի պահվող հայերի նկատմամբ կեղծ դատավարության հիմքում ՀՀ-ի դեմ ռազմական հանցագործի և ցեղասպանություն իրագործածի ծանր մեղադրանքն է:
«Սա նշանակում է, որ մարդկային ճակատագրերից բացի, գործ է «կարվել» Հայաստանի Հանրապետության դեմ, ինչը ցանկացած քաղաքական ելքի պարագայում էլ պահվելու է համապատասխան դարակներում և ըստ իրավիճակի ու անհրաժեշտության օգտագործվելու Հայաստանի դեմ», – գրել է Աբրահամյանը Facebook–ում։
Բողոքի ակցիա ԱԺ–ի դիմաց
Միաժամանակ ի պաշտպանություն քաղբանտարկյալների և Ադրբեջանում պահվող հայ գերիների, ակցիա է տեղի ունեցել այսօր Ազգային ժողովի շենքի դիմաց այն պահին, երբ խորհրդարանում էր գտնվում Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Մայքլ Օ’Ֆլահերտին:
Ակցիայի մասնակիցները վանկարկում էին «Freedom»՝ փորձելով եվրոպական կառույցների ուշադրությունը հրավիրել Հայաստանում մարդու իրավունքների խախտումների և Բաքվի կողմից պահվող հայ գերիների իրավունքների վրա:
«Ես կարծում էի, թե եվրոպացիները երկակի ստանդարտներ ունեն, բայց սխալվում էի։ Նրանք ունեն միայն մեկ ստանդարտ՝ ամեն ինչ միայն իրենց համար։ Նրանք կարծում են, որ իրենց շահերը վեր են ամեն ինչից, այդ թվում՝ մարդկային կյանքերից», – հայտարարել է ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը։
Նրա խոսքով՝ եվրոպական կառույցների ներկայացուցիչները չեն ցանկանում տեսնել մարդու իրավունքների խախտումները Հայաստանում և Բաքվում պահվող հայ գերիների տառապանքները։
Եվրոպացի օմբուդսմենի արձագանքը
Միաժամանակ Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Մայքլ Օ’Ֆլահերտին հրաժարվել է մեկնաբանել Ադրբեջանում Արցախի նախկին ղեկավարներին տրված դատավճիռները և Հայաստանում քաղբանտարկյալների առկայության մասին ընդդիմության հայտարարությունները:
«Զգույշ, աստիճաններ են», – հայտարարել է նա լրագրողներին՝ չպատասխանելով Արցախի ղեկավարության նկատմամբ Բաքվում կայացրած դատավճիռները և ՀՀ–ում քաղբանտարկյալների առկայության մասին ընդդիմության հայտարարությունները։
Իսկ պաշտոնական Երևանը լուռ է
Այս պահի դրությամբ «Նովոստի-Արմենիա» գործակալությունը չունի Հայաստանի իշխանությունների պաշտոնական արձագանքը Բաքվում դատապարտված արցախյան առաջնորդների և մյուս հայ գերիների դատավճիռների վերաբերյալ: