9 փաստ NED-ի նախագահ եւ IRI դիտորդական առաքելության ղեկավար Փիթեր Ռոսկամի մասին

Ամերիկյան Միջազգային հանրապետական ինստիտուտը (IRI) դիտորդական առաքելություն է գործուղել Հայաստան: Ներկայացնում ենք փաստեր առաքելության ղեկավար, Ժողովրդավարության ազգային հիմնադրամի (NED) նախագահ, Իլինոյս նահանգից նախկին հանրապետական կոնգրեսական Փիթեր Ռոսկամի մասին:
1
Փիթեր Ռոսկամը ծնվել է 1961 թվականի սեպտեմբերի 13-ին: 2007թ. հունվարի 3-ից մինչեւ 2019թ. հունվարի 3-ը նա վեց ժամկետ անընդմեջ ԱՄՆ Կոնգրեսում ներկայացրել է Իլինոյս նահանգի 6-րդ ընտրատարածքը:
2
2025 թվականի հունվարի 17-ին Ժողովրդավարության ազգային հիմնադրամի (NED) տնօրենների խորհուրդը Ռոսկամին ընտրել է կազմակերպության նոր նախագահ:
3
Պաշտոնն ստանձնելիս Ռոսկամը նշել է. «NED-ն առանցքային դեր է խաղում ամերիկյան շահերի եւ արժեքների պաշտպանության գործում այն ժամանակահատվածում, երբ մեր երկիրը բախվում է լրջագույն մարտահրավերների Չինաստանի, Ռուսաստանի, Իրանի, Հյուսիսային Կորեայի, Կուբայի, Վենեսուելայի եւ այլ ավտորիտար ռեժիմների կողմից, որոնք ձգտում են խարխլել ազատ հասարակության հիմքերը»:
4
1990-ականների սկզբին Փիթեր Ռոսկամը հանդիսացել է Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձեւերի համահեղինակ: 2009 թվականի մարտին նա ստորագրել էր «Հայոց ցեղասպանության վերաբերյալ ԱՄՆ դիրքորոշման հաստատումը»՝ Կոնգրեսի հռչակագիրը, որը կոչ էր անում նախագահին արտաքին քաղաքականության մեջ հաշվի առնել էթնիկ զտումների եւ ցեղասպանության խնդիրները՝ արձանագրված Հայոց ցեղասպանությանն առնչվող ամերիկյան պաշտոնական փաստաթղթերում:
5
NED-ի 2025 թվականի տարեկան հաշվետվության մեջ, որը հեղինակել են Ռոսկամը եւ կազմակերպության գլխավոր գործադիր տնօրեն Դեյմոն Ուիլսոնը, Հայաստանը նշվել էր այն երկրների շարքում, որտեղ NED-ը ծրագրում էր աջակցել ժողովրդավարության զարգացմանը 2026 թվականին՝ Կուբայի, Ուկրաինայի, Վենեսուելայի եւ Իրանի հետ մեկտեղ:
6
2018 թվականի հունվարին Ռոսկամը Կոնգրեսի քննարկմանն է ներկայացրել Իրանի նկատմամբ քաղաքականության եւ պատժամիջոցների մասին օրինագիծը:
7
2015 թվականին Ռոսկամը գլխավորել էր Կոնգրեսի երկկուսակցական պատվիրակությունը, որն այցելել է Ուկրաինա եւ Վրաստան: Վերադառնալով՝ նա հայտարարել էր. «Միացյալ Նահանգները պետք է սատարեն Ուկրաինային եւ Վրաստանին՝ Ռուսաստանի կողմից չհրահրված ագրեսիայի պայմաններում»։
8
2024 թվականի հոկտեմբերին Ռոսկամը գլխավորել էր IRI-ի դիտորդական առաքելությունը Մոլդովայում, որտեղ անցկացվում էին նախագահական ընտրություններ եւ ԵՄ-ին անդամակցելու հանրաքվե: Առաքելությունն արձանագրել էր լայնածավալ օտարերկրյա միջամտություն:
9
2025 թվականի մարտին Փիթեր Ռոսկամը դատական հայց էր նախաձեռնել Թրամփի վարչակազմի դեմ՝ կապված կազմակերպության համար Կոնգրեսի կողմից հաստատված մոտ 240 միլիոն դոլարի արգելափակման հետ:

Leave a comment