Հայաստանի երկաթուղին կարող է հայտնվել սնանկացման վտանգի տակ. Գագիկ Աղաջանյան

Արշալույս Մղդեսյան

Բեռնափոխադրումների նվազման հետևանքով Հայաստանի երկաթուղային ենթակառուցվածքը կարող է սնանկացման վտանգի տակ հայտնվել, եթե Ադրբեջանի հետ հաղորդուղիների մասնակի ապաշրջափակման արդյունքում կորցնի նաև վառելիք և հացահատիկ տեղափոխելու հնարավորությունը: Այս մասին «Սիվիլնեթ բիզնեսի» տաղավարում ասել է «Ապավեն» ընկերության գործադիր տնօրեն, լոգիստիկայի փորձագետ Գագիկ Աղաջանյանը։

Ըստ փորձագետի՝ Հայաստանի երկաթուղային համակարգը, որը դեռ 2008թ. 30 տարի ժամկետով հանձնվել էր «Ռուսական երկաթուղիների» դուստր «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության կառավարմանը, ենթակառուցվածքի արդիականացման և հարևան պետությունների հետ կապերի ընդլայնման պարտավորությամբ, հայտնվել է ծանր կացության մեջ։

Մինչև 44-օրյա պատերազմը «Հարավկովկասյան երկաթուղուղիները» տարեկան տեղափոխում էր շուրջ 3,5 միլիոն տոննա բեռ, հիշեցնում է Աղաջանյանն ու հավելում, որ պատերազմից հետո Սոթքի հանքավայրից Արարատ հանքաքարի տեղափոխման դադարեցման պատճառով բեռնաշրջանառությունը կրճատվել է 1,76 միլիոն տոննայով։

Աղաջանյանը նախազգուշացնում է, որ եթե ապաշրջափակման արդյունքում բեռները (վառելիք և հացահատիկ) տեղափոխվեն ավելի կարճ՝ Ադրբեջանից ուղիղ Հայաստան Իջևանով, առանց Իջան-Հրազդան ցանցի վերականգնման, երկաթուղին կկորցնի ևս 600,000 – 800,000 տոննա բեռ։ 

Սա տեղի է ունենում այն ժամանակ, երբ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն անցած տարվա դեկտեմբերի 8-ին հաստատեց, որ հայկական կողմն արդեն դիմել է ՌԴ իշխանություններին՝ վերականգնելու դեպի Ադրբեջան, Նախիջևան և Թուրքիայի սահման տանող երկաթուղային ենթակառուցվածքները։ Նաև հավելեց, որ Հայաստանը պատրաստ է սեփական միջոցներով վերականգնել երկաթուղու այդ հատվածները` հետ վերցնելով դրանք ռուսական կոնցեսիայից, եթե ռուսական կողմը պատշաճ ժամկետներում չիրականացնի այդ աշխատանքները: Իսկ արդեն դ​եկտեմբերի 22-ին Սանկտ Պետերբուրգում նա այդ թեման արծարծել է նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ։

Արդեն այս տարվա հունվարի 30-ին Ռուսաստանի արտգործանախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, անդրադառնալով երկաթուղին վերականգնելու պաշտոնական Երևանի հայտարարությանը, հայտնել է, որ Մոսկվան մշտական կապի մեջ է հայաստանյան գործընկերների հետ և օպերատիվ կերպով մշակում է Երևանից ստացված բոլոր հարցումները, այդ թվում՝ տնտեսական բլոկի գծով։

Այնուամենայնիվ, Աղաջանյանը պնդում է, որ ռուսական կողմը շահագրգռված չէ հատկապես Իջևանի հատվածի վերականգնմամբ։ Ըստ նրա՝ Ադրբեջանի սահմանից մինչև Իջևան հատվածը կազմում է ընդամենը շուրջ 14 կմ։ Եթե գնացքը մտնի Իջևան և վառելիքի ու հացահատիկի բաշխումն (դիստրիբյուցիան) իրականացվի հենց այնտեղից, քանի որ այդ մասը կենտրոնական ցանցին կապող երկաթուղի այժմ չկա, ապա 720 կմ երկարությամբ հայաստանյան մնացած երկաթուղին ուղղակի չի օգտագործվի։

Ավելի վաղ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ՍիվիլՆեթի հետ զրույցում ասել է, որ ՀՀ կառավարության նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը կարժենա շուրջ 400-500 միլիոն դոլար: Մասնավորապես, ըստ նրա, Հրազդան-Իջևան-Ղազախ-Աղստաֆա երկաթգծի վերականգնումը, որի մասին խոսում է նաև Գագիկ Աղաջանյանը, գնահատվում է 318 մլն դոլար:

«Ռուսները չեն կառուցի դա, քանի որ դրանով կտրում են այն ճյուղը, որի վրա նստած են։ Տակը մնում է 1,2 միլիոն տոննա տեղափոխող» երկաթգիծ, որն ի սկզբանե սնանկ է, իսկ 13 կմ-անոց հատվածի շահագործմամբ հնարավոր չէ ապահովել այնքան եկամուտ, որով հնարավոր լինի պահպանել ամբողջ տնտեսությունը՝ կայարանները, աշխատավարձերն ու հսկայական ծախսերը»,- եզրափակում է նա։

Աղաջանյանը պարզաբանել է նաև, թե ինչու է Ադրբեջանի տարածքով վառելիքի ներկրումն ավելի էժան Հայաստանի վրա։ Վրաստանի տարածքով բեռնափոխադրման ուղին կազմում է 400 կմ, մինչդեռ Ադրբեջանով՝ ընդամենը 111 կմ։ Բացի այդ, փորձագետը մատնանշել է Վրաստանում, իր խոսքով, տարիներով առկա «կոռուպցիոն սխեման»։

«Երկաթուղին իր շարժակազմը հանձնել էր մասնավոր ընկերության։ Երբ ուզում էիր բեռ տեղափոխել, ասում էին՝ վագոն չկա։ Արդյունքում՝ երկաթուղային 23 դոլար սակագինը մասնավորի մոտ դառնում էր 93 դոլար»,- հայտնել է նա՝ հավելելով, որ Վրաստանն արդեն մտահոգված է իր տրանզիտային դերի կորստով և կանխատեսում է բեռների արտահանման տարանցման 15-20% և ներկրման տարանցման մինչև 40% անկում։

The post Հայաստանի երկաթուղին կարող է հայտնվել սնանկացման վտանգի տակ. Գագիկ Աղաջանյան appeared first on CIVILNET.

Leave a comment