Ինչո՞վ է ՔՊ-ն տարբերվում մնացած 17-ից

Ինձ երբեմն հարցնում են. «Դու իսկապե՞ս կարծում ես, որ Փաշինյանի ռեժիմից ավելի վատը չի կարող լինել: Չէ՞ որ այսինչ թեկնածուն նախկինում մեղքեր է գործել, իսկ այն մեկն ունի վառ արտահայտված աշխարհաքաղաքական դիրքորոշում»: Դե, պարզ է՝ կատարյալ թեկնածու կամ քաղաքական ուժ գոյություն չունի:

Բայց կա մի կետ, որով ՔՊ-ն տարբերվում է ընտրությունների մնացած 17 մասնակիցներից, նույնիսկ իր սեփական արբանյակներից: Ոչ ոք, բացի Փաշինյանից, այն աստիճանի ամբարտավան եւ լկտի չի, որ համարձակվի հայտարարել, թե իր նպատակն է փոխել Ամենայն հայոց կաթողիկոսին: Մենք տեսնում ենք, թե ինչ է արել Եկեղեցու հանդեպ Փաշինյանը վերջին մեկ տարվա ընթացքում: Իր բարդույթները, իր անհիմն հավակնությունները, իր անպատկառ ծրագրերն իրականացնելու համար նա դիմել է ամենաստոր քայլերի՝ ապօրինաբար ներգրավելով նաեւ իրեն հլու-հնազանդ ծառայող ռեպրեսիվ ապարատը: Ես 100 տոկոսով վստահ եմ, որ ոչ մի հաջորդ վարչապետ կամ նախագահ նման պղծություն իրեն թույլ չի տա:

Նաեւ մնացած 17 թեկնածուները չունեն այդ պաթոլոգիաները, որոնցով տառապում է Փաշինյանը՝ դրանք հազվագյուտ հոգեկան արատներ են:

Մնացած բաների մասին 100 տոկոսանոց վստահությամբ չեմ կարող խոսել: Բայց հույսեր, բնականաբար, ունեմ: Հույս ունեմ, որ հոգեւորականների, քաղաքական գործիչների, ակտիվիստների, բլոգերների դեմ ապօրինի քրեական հետապնդումները իշխանափոխությունից հետո կդադարեցվեն, եւ, ամենակարեւորը, նմանատիպ՝ քաղաքական դրդապատճառներ ունեցող նոր ապօրինություններ տեղի չեն ունենա: Հույս ունեմ, որ այլեւս ոչ ոք իր հանրային, քաղաքական ելույթներում չի կրկնի «կզցնել», «չոքցնել», «բոմժ սարքել» արտահայտությունները:

Դուք կասեք՝ բա անվտանգությո՞ւնը, բա տնտեսությո՞ւնը, բա ԹՐԻ՞Փ-ը, բա Ռուսաստա՞նը, բա Ե՞Մ-ն: Այդ բոլոր խնդիրները հեշտ լուծումներ չունեն: Բայց եթե վերացվի ներկա իշխանությունների կողմից հրահրվող ատելության եւ թշնամանքի մթնոլորտը, եթե վերջ տրվի լրտեսական կրքերին, եթե մարդիկ դադարեն իրար վրա հարձակվել կատաղած շների նման՝ այն պատճառով, որ տարբեր հայացքներ ունեն, ապա քաղաքական ուժերը (առաջին հերթին, իհարկե, խորհրդարանում), փորձագիտական համայնքը, հասարակությունը կգտնեն քիչ թե շատ տանելի տարբերակներ. փայլուն, բոլորիս երջանկացնող լուծումներ ես այստեղ, ցավոք, չեմ տեսնում:

Բայց առաջնահերթն, իհարկե, ներքին համերաշխությունը, ներդաշնակությունը վերականգնելն է: Փաշինյանի իշխանության պարագայում դա հնարավոր չէ: Նրան սնող «դոպինգը» ատելությունն է:

 

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment