Քաղաքականություն
04.06.2026 | 09:00
Պետական եկամուտների կոմիտեն կառավարության քննարկմանն է ներկայացրել նախագիծ, որով առաջարկվում է 2026 թվականի պետական բյուջեի շրջանակում վերաբաշխել շուրջ 196 մլն դրամ՝ մի շարք տեխնիկական սարքավորումների ձեռքբերման և ենթակառուցվածքների արդիականացման համար։
Նախագծի համաձայն՝ ՊԵԿ-ը նախատեսում է ձեռք բերել 130 պլանշետ՝ հարկային և մաքսային ծառայողների համար, որի արժեքը կկազմի 58.5 մլն դրամ։ Կոմիտեն նաև ցանկանում է ներգրավել 3 ծրագրավորող՝ տեղեկատվական համակարգերի մշակման և սպասարկման աշխատանքները ներքին ուժերով կազմակերպելու նպատակով, ինչի համար նախատեսվում է 48.4 մլն դրամ։
Փաստաթղթով նախատեսվում է նաև Երևանում ստեղծել մաքսային մոնիթորինգի կենտրոն, որի նախագծման և շինարարական աշխատանքների համար անհրաժեշտ կլինի շուրջ 39.1 մլն դրամ։
ՊԵԿ-ը մտադիր է գնել նաև DJI Air 3S և DJI Mavic 3 տեսակի երկու անօդաչու թռչող սարք, ինչպես նաև մարմնին ամրացվող տեսախցիկներ՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և հետաքննությունների իրականացման համար։
Նախագծով նախատեսվում է արդիականացնել նաև «Մարգարա» մաքսային անցակետը, որի համար անհրաժեշտ կլինի ավելի քան 10.7 մլն դրամ։ Հիմնավորման մեջ նշվում է, որ աշխատանքները պայմանավորված են անցակետի հնարավոր վերագործարկման հեռանկարով և ակնկալվող ուղևորահոսքերի սպասարկման անհրաժեշտությամբ։
Բացի այդ, ՊԵԿ-ը նախատեսում է ձեռք բերել նոր համակարգիչներ, տպիչներ, IP հեռախոսներ, արտաքին կոշտ սկավառակներ, ինչպես նաև ՀԾ հաշվապահական ծրագրի լիցենզիա։
Նախագծում նշվում է, որ առաջարկվող վերաբաշխումները կիրականացվեն ՊԵԿ-ի ծրագրերում գոյացած տնտեսումների հաշվին, և պետական բյուջեի ընդհանուր ծախսերի ու եկամուտների փոփոխություն չի նախատեսվում։
Նարեկ Կիրակոսյան