«Անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանն անհամատեղելի է այն սկզբունքների հետ, որոնք ընկած են Եվրոպական միության հետ համագործակցության և առավել ևս՝ նրան միանալու հիմքում»,- հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը փետրվարի 5-ին Մոսկվայում Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ հանդիպման ժամանակ։
Սերգեյ Լավրովը նշել է, որ Ռուսաստանը բազմիցս հայտարարել է Հայաստանի սուվերեն ընտրության իրավունքի մասին։ Նրա փոխանցմամբ՝ Մոսկվան շահագրգռված է, որ Հայաստանը լինի ինքնիշխան, ուժեղ, ինքնաբավ և կարողանա ինքնուրույն ընտրել իր արտաքին կողմնորոշումը։ Միևնույն ժամանակ, նա ընդգծել է, որ Եվրամիության երկրները փորձում են տարածաշրջանի գործընկերներին դնել ընտրության առջև։
«Ինչ վերաբերում է Եվրամիության գործընկերներին, նրանք մշտապես համապատասխան երկիրը դնում են ընտրության առջև՝ կամ մեզ հետ, կամ նրանց հետ։ Սա նրանց անփոփոխ տրամաբանությունն է, որն արդեն 20 տարուց ավելի կիրառվում է հետխորհրդային տարածքում»,- ասել է Լավրովը։
ՌԴ ԱԳ նախարարը նաև հավելել է. «Մեզ համար մի փոքր տարօրինակ է լսել պարբերական հայտարարություններն այն մասին, թե իբր ինչ-որ առասպելական հարձակումներ են նախապատրաստվում հյուսիսից Հայաստանի դեմ կամ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության կողմից բխող էկզիստենցիալ սպառնալիքի մասին»։
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպման ընթացքում ընդգծել է, որ Հայաստանը շահագրգռված է Ռուսաստանի հետ կապերի պահպանմամբ, և երկրում այդ հարցի շուրջ այլընտրանքային ընկալում գոյություն չունի։ Նա հավաստիացրել է, որ հայկական կողմը որևէ քայլ չի ձեռնարկում ընդդեմ Ռուսաստանի՝ որպես դաշնակցային պետության, և նպատակ չունի վնասել երկկողմ հարաբերություններին։
«Ես չեմ ուզում, որ այստեղ՝ Ռուսաստանում, լինի այնպիսի ընկալում, թե Հայաստանը փորձում է ինչ-որ բան անել ընդդեմ Ռուսաստանի։ Ինչ-որ բան անել ընդդեմ Ռուսաստանի՝ որպես բարեկամական, դաշնակցային պետության, չնայած նրան, որ կան հարցեր, որոնք, բնականաբար, անհրաժեշտ է քննարկել»,- ասել է Հայաստանի ԱԺ նախագահը։
Խոսելով Ռուսաստանից հնչող հայտարարությունների մասին՝ Սիմոնյանը նշել է. «Հայ հասարակությունը շատ բացասական է արձագանքում այն հայտարարություններին, որոնք հնչում են Մոսկվայից։ Այդպես են արձագանքում, որովհետև Մոսկվան կարևոր է, կարծիքը կարևոր է, և այն ընկալումը, որ Մոսկվան դաշնակից է, եղել է և մնացել է»։
Նա նաև հավելել է. «Ես ուզում եմ ձեզ հավաստիացնել, որ մտածել, թե մեզ հետ կանցնի այնպիսի իրավիճակ, թե՝ կամ մեզ հետ, կամ մեր դեմ, մենք նման ընկալում չունենք և չենք ունենա։ Մենք չենք համարում, որ դա ճիշտ է»։
Անդրադառնալով Ադրբեջանի հետ բանակցություններին՝ Ալեն Սիմոնյանը հայտարարել է. «Մենք բավականին հեռու ենք գնացել, լավ իմաստով, Ադրբեջանի հետ, և մեզ մոտ արդեն նախանշվում է խաղաղության պայմանագրի իրական ստորագրումը, ինչը մեզ համար շատ կարևոր է, կարևոր է մեր ապագայի համար»։
Տնտեսական միությունների վերաբերյալ նա հստակեցրել է. «Ինչ վերաբերում է ԵԱՏՄ-ին և Մաքսային միությանը, մենք չենք համարում, որ պետք է այնտեղից դուրս գանք, կամ մտածում ենք, որ կարող ենք միասին գտնել լուծում, որը ձեռնտու կլինի երկու կողմերին»։
The post Հայաստանի անդամակցությունը ԵՏՄ-ին և ԵՄ-ին անհամատեղելի է․ Լավրովը՝ Սիմոնյանին appeared first on CIVILNET.