Քուվեյթի օդանավակայանին Իրանի հարվածի հետևանքով մեկ մարդ զոհվել է, առնվազն 63-ը՝ վիրավորվել

Քաղաքականություն

03.06.2026 | 18:19

Քուվեյթի արտաքին գործերի նախարարության հաղորդմամբ՝ չորեքշաբթի Քուվեյթի միջազգային օդանավակայանի ուղևորային տերմինալի վրա իրանական անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքով առնվազն մեկ մարդ է զոհվել։ Նախարարությունը դատապարտել է երկրի քաղաքացիական ենթակառուցվածքների վրա «Իրանի դաժան և շարունակական հարձակումները», որոնցից վերջինն ուղղված էր Քուվեյթի միջազգային օդանավակայանին։

Նշվում է, որ հարձակման հետևանքով մեկ մարդ զոհվել է, մի քանիսը՝ վիրավորվել, զգալի վնաս է հասցվել կենսական նշանակության օբյեկտներին, այդ թվում՝ դիվանագիտական ​​առաքելություններին։

Իր հայտարարության մեջ նախարարությունը նշել է, որ Քուվեյթի անվտանգությունը, նրա ինքնիշխանությունը և քաղաքացիների ու բնակիչների անվտանգությունը «կարմիր գիծ» են՝ հավելելով, որ երկիրը «չի ընդունի կամ չի հանդուրժի» իրանական հարձակումները։

Անօդաչու թռչող սարքի հարվածը վկայում է Պարսից ծոցի քաղաքացիական օբյեկտների վրա իրանական հարձակումների լուրջ սրման մասին և ընդգծում ապրիլի 8-ից գործող հրադադարի փխրունությունը։

Ավելի ուշ երկրի Առողջապահության նախարարության խոսնակը հայտարարել է, որ Քուվեյթի հիվանդանոցներն ընդունել են 63 վիրավորի և իրականացրել յոթ շտապ վիրահատություն հարձակումից հետո։ Բժիշկ Աբդուլլահ Ալ Սանադը նշել է, որ առողջապահական համակարգը հարձակման սկզբից ի վեր գտնվում է լիարժեք արտակարգ իրավիճակում, իսկ բժշկական հաստատություններն ու անձնակազմը մոբիլիզացվել են իրավիճակին արձագանքելու համար։

Նա հավելել է, որ առողջապահության ոլորտը շարունակում է մնալ բարձր պատրաստվածության մեջ՝ արտակարգ իրավիճակներին արձագանքման շարունակական միջոցառումների շրջանակում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

Leave a comment