Տեսանկարահանող սարքերով արձանագրված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների համար օտարերկրյա քաղաքացիները կծանուցվեն Հայաստանի սահմանային անցակետերում՝ մուտքի կամ ելքի ժամանակ։ Ազգային ժողովի կողմից ընդունվել է «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքը:
Նոր կարգավորմամբ օտարերկրացիների տվյալները ստացվելու են սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգից անձնագրային հարցման միջոցով, ինչի կապակցությամբ իշխանությունները հորդորում են մեքենաներն օտարերկրացիներին հանձնող ֆիզիկական և իրավաբանական անձանց վարչական մարմին ներկայացվող նյութերին կցել սահմանահատումը հաստատող փաստաթղթի պատճենը։
Սահմանային համակարգից տվյալների ստացման անհնարինության դեպքում խախտումն օտարերկրացու կողմից կատարված լինելու փաստը չի հաստատվի, և վարչական պատասխանատվությունը կկրի տրանսպորտային միջոցի սեփականատերը կամ իրավաբանական անձի ղեկավարը։
The post Ճանապարհային երթևեկության տուգանքների մասին օտարերկրացիները կծանուցվեն ՀՀ սահմանային անցակետերում appeared first on CIVILNET.