«Հունիսի 7-ին հայերը պարտավոր են Ալիևին ուղարկել հստակ մեսիջ՝ մենք չենք նվաստանալու․ Փաշինյանին ուղարկելու ենք Ադրբեջան»․ Սամվել Կարապետյան

«Ուժեղ Հայաստան» դաշինքի այսօրվա հանրահավաքում ուղիղ տեսակապով ելույթ ունեցավ նաև դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը։ Նա նշեց, որ հունիսի 7-ից հետո յուրաքանչյուր հայ կապրի արժանապատիվ կյանքով․ «Այլևս ոչ մի նվաստացում Փաշինյանի և փոքրիկ խմբակի կողմից։ Հայ ժողովուրդը կկայացնի վերջին տասնամյակի ամենակարևոր որոշումներից մեկը։ Հայերը պետք է մասնակցեն ընտրություններին, որպեսզի ուրիշները մեր փոխարեն չորոշեն մեր ճակատագիրը։ Պատմությունը հունիսի 7-ը կհիշի որպես օր, երբ հայ ժողովուրդն ընտրություն կատարեց ապրել ուժեղ և ազատ Հայաստանում»։

«Մենք պետք է ցույց տանք, որ հայ ժողովուրդը հաղթել է իր վախերը, որ Ալիևն ու իր մարզպետը չեն կարողանում լուծել Հայաստանի խնդիրները։ Հունիսի 7-ին մենք միասին պատմություն ենք կերտելու, մենք պարտավոր ենք դա անել, որովհետև Հայաստանի գոյությունն է վտանգված։ Ցույց տվեք, որ Ադրբեջանը չի կարող լինել Հայաստանի խաղաղության երաշխավորը։ Հունիսի 7-ին հայերը պարտավոր են Ալիևին ուղարկել հստակ մեսիջ՝ մենք չենք նվաստանալու, մեր ղեկավարն արդեն ուժեղ է։ Փաշինյանին ուղարկելու ենք Ադրբեջան, թող գնա Նախիջևան, հետո Բաքու»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում

Սամվել Կարապետյանի խոսքով՝ պետք է հաղթահարել պառակտվածությունը, վախերը, ամրապնդել եկեղեցին, ազգային արժեքները, մեր ինքնությունը․ «Մենք պետք է վերացնենք այն վախը, որը Փաշինյանի վարչակազմը սերմանել է մեր ժողովրդի մեջ։ Հայերն ուժեղ են, համարձակ են, հաղթելու են, փոփոխությունը սկսվելու է ձեր քվեից։ Հունիսի 7-ին միասնական լինելով՝ մենք կունենանք մնայուն և ուժեղ խաղաղություն, ոչ թե մեր շուրջը կլինի 300 000 ադրբեջանցի»։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment