Սպառնալիքներ՝ անձնական նամակների, մերկ նկարների հրապարակման․ ինչի կարող է հանգեցնել իրավապահներին չդիմելը
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Վերջին տարիներին արձանագրվել է սոցիալական ցանցերով իրականացված շորթման 796 դեպք, որից՝ 2023թ․՝ 176 դեպք, 2024թ․՝ 371 դեպք, 2025թ․՝ 249 դեպք։ Այս մասին Zarkerak.am-ին հայտնեցին Ներքին գործերի նախարարությունից։
«Սոցիալական ցանցերի միջոցով կատարվող նմանատիպ հանցագործությունների բացահայտումը, հատկապես կեղծ օգտատերերի կողմից իրականացվող, կարող է լինել բարդ և ժամանակատար։ Բարդությունները հիմնականում պայմանավորված են նրանով, որ հանցագործություն կատարող անձինք հաճախ օգտագործում են տարբեր տեխնիկական և հատուկ ծրագրային միջոցներ՝ իրենց ինքնությունը և գտնվելու վայրը թաքցնելու նպատակով։
Բացի այդ, հանրության շրջանում լայն տարածում գտած սոցիալական հարթակները կառավարող մարմինները գտնվում են արտերկրում, ինչի հետևանքով անհրաժեշտություն է առաջանում միջազգային համագործակցության և համապատասխան ծառայություններ մատուցող ընկերություններից տվյալների ստացման, ինչը որոշ դեպքերում կարող է տևական ժամանակ պահանջել։ Միևնույն ժամանակ, նույնիսկ կեղծ օգտատերերի միջոցով կատարվող գործողությունները սովորաբար համացանցում թողնում են թվային հետքեր, այդ թվում՝ IP հասցեների մուտքերի պատմություն, սարքերի տվյալներ, հեռախոսահամարներ, էլեկտրոնային հասցեներ, ֆինանսական գործարքների հետքեր և այլ էլեկտրոնային ապացույցներ, որոնք համապատասխան մասնագիտական աշխատանքի և տեխնիկական միջոցների կիրառման արդյունքում կարող են նպաստել հանցագործությունը կատարած անձի ինքնության պարզմանը։ Այդ պատճառով նման դեպքերի արդյունավետ քննության համար կարևոր է, որպեսզի տուժողները հնարավորինս արագ դիմեն ոստիկանություն, չջնջեն նամակագրությունները, պահպանեն տեսապատճենները, հղումները և այլ թվային տվյալները, քանի որ ժամանակին արձագանքելը զգալիորեն մեծացնում է անհրաժեշտ ապացույցների պահպանման և հանցագործության բացահայտման հնարավորությունը»,-ասաց ՆԳ նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը։
Նշեցին, որ նման հանցագործությունները կարող են կատարվել ինչպես տարբեր սոցիալական ցանցերում (Facebook, Instagram, TikTok, Thread և այլն), այնպես էլ հեռահաղորդակցման համակարգերում (WhatsApp, Telegram, Viber, SnapChat և այլն) անձնական նամակագրության կամ հրապարակումների միջոցով:
Քրեական օրենսգրքով նմանատիպ արարքների համար նախատեսված են տարբեր պատժատեսակներ՝ կախված կատարված արարքի բնույթից, սկսված՝ տուգանքից, 2 ամիս ազատազրկումից մինչև երեք տարի, իսկ ծանրացնող հանգամանքների առկայության դեպքում՝ ազատազրկում՝ 6-12 տարի ժամկետով։
«Անձնական տեղեկությունները, լուսանկարները կամ տեսանյութերը չհրապարակելու դիմաց հանցագործները հիմնականում պահանջում են դրամական միջոցներ։ Գումարի չափը կարող է տարբեր լինել՝ կախված հանցագործների նպատակից, տուժողի սոցիալական վիճակից, զբաղեցրած դիրքից կամ այն տեղեկատվության բնույթից, որով փորձում են ճնշում գործադրել։ Գործնականում հանդիպում են ինչպես համեմատաբար փոքր գումարների պահանջներ՝ մի քանի տասնյակ կամ հարյուր հազար դրամի չափով, այնպես էլ խոշոր գումարների կամ պարբերական փոխանցումների պահանջներ։
Բացի դրամական միջոցներից, որոշ դեպքերում կարող են պահանջվել նաև կրիպտոարժույթով փոխանցումներ, անձնական տվյալներ, սոցիալական ցանցերի կամ բանկային հաշիվների հասանելիություն կամ այլ գործողություններ՝ հանցագործների օգտին։ Հաճախ նման պահանջներն ուղեկցվում են հոգեբանական ճնշմամբ, սպառնալիքներով և ժամանակային սահմանափակումներով՝ տուժողին արագ որոշումներ կայացնելու պարտադրելու նպատակով»,-ասաց մամուլի քարտուղարը։
Ինչ վերաբերում է տուժողների կողմից ոստիկանության դիմելուն և ունեցած վստահությանը, Նարեկ Սարգսյանն ասաց, գործնականում նկատվում են ինչպես ոստիկանություն դիմելու, այնպես էլ հանցագործների պահանջները կատարելու դեպքեր։ «Շատ տուժողներ, հատկապես, երբ խոսքը վերաբերում է անձնական կամ ինտիմ բնույթի տեղեկությունների հրապարակման սպառնալիքին, սկզբնական փուլում հաճախ խուսափում են իրավապահ մարմիններին դիմելուց։ Այդ պատճառով որոշ անձինք նախընտրում են կատարել հանցագործների պահանջները՝ ակնկալելով կանխել տեղեկատվության հրապարակումը։ Միաժամանակ, փորձը ցույց է տալիս, որ պահանջների կատարումը հաճախ չի երաշխավորում սպառնալիքների դադարեցումը, և բազմաթիվ դեպքերում հանցագործները շարունակում են նոր պահանջներ ներկայացնել կամ կրկին դիմում են շանտաժի։ Այդ պատճառով իրավապահ մարմինները մշտապես խորհուրդ են տալիս հնարավորինս արագ դիմել ոստիկանություն, պահպանել առկա նամակագրությունները և թվային բոլոր ապացույցները»,-ասաց նա։
Նա ընդգծեց, որ Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) նախաձեռնությամբ իրականացված «Հանրային կարծիքի ուսումնասիրություն. Հայաստանի առկա բնակչություն» հետազոտության արդյունքներով՝ ՀՀ պետական կառույցների գործունեության նկատմամբ քաղաքացիների գոհունակության ցուցանիշով ՆԳՆ ոստիկանությունը առաջատար է իրավապահ մարմինների շարքում։
Հետազոտության համաձայն՝ 2026 թվականի փետրվարի դրությամբ հարցվածների 61%-ը նշել է, որ լիովին կամ հիմնականում գոհ է ոստիկանության աշխատանքից։ Նա նշեց, որ միևնույն ժամանակ նվազել է ոստիկանությունից դժգոհող քաղաքացիների թիվը՝ 41%-ից հասնելով 37%-ի։ Հարցումն անցկացվել է 18 և ավելի տարիքի հանրապետության տարբեր բնակավայրերի բնակչության շրջանում։ Արինսայթս անկախ հետազոտական ընկերության Հայաստանում Ոստիկանության և Ոստիկանության բարեփոխումների հանրային ընկալման հետազոտության արդյունքներով՝ հարցվածների 74,6 %-ը վստահում է Ոստիկանությանը կամ ունի չեզոք վերաբերմունք: