ԵՄ-ը քայլեր է ձեռնարկում Հայաստանին ռուսական ճնշումներից պաշտպանելու համար. Politico

Եվրոպական հանձնաժողովը քայլեր է ձեռնարկում Հայաստանին ռուսական ագրեսիայից և ճնշումներից պաշտպանելու ու երկրի դիմակայունությունն ուժեղացնելու ուղղությամբ։ Այս մասին հայտնում է Politico պարբերականը (Playbook բաժինը)։

Ակտիվության այս ալիքը համընկնում է Հայաստանում սպասվող խորհրդարանական ընտրությունների հետ, որոնց արդյունքում, ըստ աղբյուրի, ակնկալվում է գործող կառավարության վերընտրվելը։ Միևնույն ժամանակ մտավախություններ կան, որ Կրեմլը կարող է փորձել միջամտել կիրակի օրը կայանալիք այս կարևոր ընտրություններին։

Աջակցության հիմնական ուղղությունները.

  • Տնտեսական դիվերսիֆիկացում։ ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարտա Կոսը և ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպման ժամանակ պայմանավորվել են արագացնել աշխատանքները Հարավային Կովկասում առևտրային և էներգետիկ կապերն ամրապնդելու ուղղությամբ։ Քննարկվող տարբերակների թվում են այնպիսի միջոցառումներ, որոնք կօգնեն Հայաստանին նվազեցնել կախվածությունը Ռուսաստանից և դիվերսիֆիկացնել առևտրային ուղիները ԵՄ-ի հետ։
  • Հայ-թուրքական սահմանի բացում։ Բրյուսելը մտադիր է աջակցել նաև Թուրքիայի հետ բանակցություններին՝ գրեթե երեք տասնամյակ փակ մնացած սահմանը վերաբացելու նպատակով, քանի որ դրա փակ լինելը լրջորեն խոչընդոտում է տարածաշրջանային առևտրին։
  • Բարձր մակարդակի երկխոսություն։ Ըստ ԵՄ պաշտոնյաների՝ նախատեսվում է նաև Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հեռախոսազրույցը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

Մոսկվայի ճնշումները.

Պարբերականը նշում է, որ Կրեմլն ուժեղացրել է ճնշումը Երևանի վրա՝ սպառնալով խափանել բնական գազի մատակարարումները, կասեցնել Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ) և կասկածի տակ դնել երկրի աշխարհաքաղաքական հետագիծը։

Հիշեցվում է, որ 2018 թվականի թավշյա հեղափոխությունից հետո Փաշինյանի կառավարությունը որդեգրել է Բրյուսելի հետ մերձեցման քաղաքականություն, քննադատել է Ռուսաստանի պատերազմն Ուկրաինայում և պահանջել ռուսական զորքերի դուրսբերումը երկրի սահմաններից։

Leave a comment