Սա ահաբեկչության դրսևորում է և նախընտրական կեղտոտ հնարք. Դավիթ Ստեփանյանը՝ «Ուժեղ Հայաստան»-ի թեզերի և գովազդների մասին
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«300 հազար ադրբեջանցիների արհեստածին թեզը և բոլոր գովազդները, որոնք մենք անընդհատ Youtube-ում տեսնում ենք, երբ մեզ սպառնում են, որ ադրբեջանցիները գալու են, դպրոցներում, մանկապարտեզներում տեղ չի լինելու՝ հոգեբանական ահաբեկչության դրսևորում է»,-Zarkerak.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Դավիթ Ստեփանյանը
Ստեփանյանի խոսքով՝ ժողովրդի ներսում փորձում են սերմանել վախեր, որոնք իրականում որևէ հիմք չունեն. «Այսպիսի վերաբերմունքը սեփական ժողովրդի նկատմամբ անբարոյականություն է, չի կարելի մարդկանց ենթարկել այդպիսի ահաբեկչության, վստահ եմ, որ երբևիցե Հայաստանի ու Ադրբեջանի միջև 300 հազար ադրբեջանցիների մասին խոսույթ չի եղել, Ադրբեջանն այսպիսի պահանջ Հայաստանի առջև չի դնում, հետևաբար սա բացառապես նախընտրական կեղտոտ հնարք է, որն այդ չակերտավոր քաղաքական ուժը կիրառում է սեփական ժողովրդի հանդեպ»:
Անդրադառնալով տարածվող գովազդների ազդեցությանը մարդկանց վրա՝ քաղաքագետը նշեց. «Դա կարող է բնակչության ինչ-որ սեգմենտում բերել շատ վատ տրամադրությունների, հավելյալ վախերի և այդ մարդկանց նպատակը հենց դա է: Երեխաների մասին չեմ էլ խոսում, ոչ միայն երեխաները կարող են այդ ամբողջ հոգեբանական ահաբեկչության վերջնարդյունքում ունենալ խնդիրներ, այլև մեծահասակները: Ուրախ եմ ֆիքսել, որ հասարակության մեծամասնությունը շատ լավ գիտակցում է, որ սա էժանագին մանիպուլյացիայի փորձ է, բայց տեսնում ենք նաև մարդկանց, որոնք այս ամենին հավատում են, հետևապես ահաբեկված են, սա անթույլատրելի է, կարծում եմ, որ այստեղ պետությունը գործառույթներ ունի: Նրանք փորձում են այդ վախը գեներացնելով այնպես աել, որ այդ մարդիկ գնան ընտրատարածք և վախից դրդված քվերակեն չակերտավոր «Ուժեղ Հայաստան»-ի օգտին: «Ուժեղ Հայաստան»-ի քարոզչությունը խարսխված է բացառապես վախի վրա, մնացած ամբողջ խոսակցությունը զրո է»:
Ստեփանյանն ասաց, որ սա արվում է միտումնավոր. «Այդ քաղաքական ուժը շատ լավ գիտակցում է, որ մեր բնակչության մեծամասնությունը չի հավատում իրենց որևէ նախընտրական խոստման՝ 300 հազար աշխատատեղ, հարկերից ազատել՝ սա բացահայտ պոպուլիզմ է, հետևապես այս ուժին մնում է ահաբեկել: Նրանց հետևում կանգնած է Ռուսաստանը և այստեղ կա ակնհայտ ռուսական ձեռագիր: Իրենց տերերն ասում են՝ գազը կթանկացնենք, լոլիկը չենք գնի, օդը կփակենք, վախեցնում են, պրոռուսական ուժերը չեն կարող այլ կերպ աշխատել, որովհետև դա իրենց մեջ ներդրված է դրսից: Իրենցից ինչ քաղաքական ուժ, դա մարդկանց հավաքածու է, որը գործում է Ռուսաստանի թելադրանքով»:
Առաջիկա ընտրություններին «Ուժեղ Հայաստան»-ի իշխանության գալու շանսերը Դավիթ Ստեփանյանը գնահատեց զրո. «Խորհրդարանում հայտնվելու շանսը բավականին բարձր է, կարծում եմ՝ նրանք զբաղեցնելու են ընդդիմության դրոշակակիրի տեղը, իրենց նպատակը մեծ հաշվով դա է, որովհետև իրենք էլ հիմար չեն, հասկանում են, որ իշխանության գալու շանս չունեն: Դառնալու են համակարգային ընդդիմություն և մեր խորհրդարանը հերթական անգամ վերածելու են կլոունների շապիտո կրկեսի նման մի վայրի, կրկեսի: Լինելու է ապաքաղաքական խոսույթ, փոխադարձ մեղադրանքներ»:
Ինչ վերաբերում է «Քաղաքացիական պայմանագրի» ընտրություններում հաղթելու շանսերին՝ քաղաքագետն ընդգծեց. «Չեմ կարծում, որ Հայաստանում կա մարդ, որն այսօր կասկածում է, որ ՔՊ-ն առաջին տեղով է անցնելու և ձևավորելու է իշխանություն»: