Քիչ է, շատ պիտի տային․ Սուքիասյանը՝ իր ընտանիքի և բիզնեսների կողմից ՔՊ-ին 52 մլն դրամ նվիրատվության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը դրական է գնահատել այն փաստը, որ իր ընտանիքի անդամներն ու իր հետ փոխկապակցված ընկերությունների աշխատակիցները նվիրատվություններ են կատարել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը։

Factor TV-ի լրագրողի հարցին, որ Սուքիասյանների ընտանիքը և նրանց ընկերությունների աշխատակիցները միասին շուրջ 52 միլիոն դրամ են նվիրաբերել ՔՊ-ին, իշխանական պատգամավորն արձագանքել է․

«Քիչ է, մի քիչ շատ պետք է տային, ոնց որ քիչ են տվել»։

Հարցին, թե ինչու են այդ ծավալի ֆինանսական աջակցություն ցուցաբերել իշխող կուսակցությանը, Սուքիասյանը նշել է, որ գոհ է ՔՊ-ի գործունեությունից և Հայաստանի զարգացման ընթացքից։

«Իրենց կառավարման մեթոդը ինձ դուր է գալիս, իրոք Հայաստանի Հանրապետությունը վերջին ութ տարում բավականին մեծ ձեռքբերումներ ունի»,– ասել է նա։

Պատգամավորը նաև վստահություն է հայտնել, որ առաջիկա տարիներին Հայաստանը կգրանցի նոր առաջընթաց։
«Առաջիկա երկու-երեք տարում ավելի մեծ թռիչքով ենք առաջ գնալու, տեխնոլոգիական ավելի նոր կարգավիճակ ենք ստանալու»,– նշել է Սուքիասյանը։

Նրա խոսքով՝ ուրախ է, որ իրենց կազմակերպություններից աջակցություն է ցուցաբերվել իշխող ուժին։
«Ես շատ ուրախ եմ, որ մեր կազմակերպությունները աջակցել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը»,– հայտարարել է նա։

Միաժամանակ Սուքիասյանը նշել է, որ տեղյակ չէ, թե կոնկրետ որ կազմակերպությունը որքան գումար է նվիրաբերել։
«Անկեղծ չգիտեմ, որ կազմակերպությունը ինչքան միջոց է հատկացրել»,– ասել է պատգամավորը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան

Leave a comment