Ինչո՞ւ Ռոբերտ Քոչարյանը կարող է նույնիսկ չհասնել խորհրդարան

Հայաստանի քաղաքական դաշտում եւ ընտրական այս փուլում Ռոբերտ Քոչարյանը շարունակում է մնալ ամենաճանաչված գործիչներից մեկը, սակայն ճանաչելիությունը վաղուց արդեն չի նշանակում ընտրական հաջողություն։ 

Ավելին, այսօր ավելի ու ավելի հաճախ են հնչում գնահատականներ, որ երկրորդ նախագահի գլխավորած քաղաքական ուժը կարող է բախվել ամենացավոտ իրականությանը՝ չհաղթահարել անգամ անցողիկ շեմը։

Քոչարյանի գլխավոր խնդիրը նրա քաղաքական կենսագրությունն է։ Եթե նրա կողմնակիցները փորձում են ներկայացնել նրան որպես «փորձառու պետական գործիչ», ապա հասարակության զգալի հատվածի համար նա շարունակում է մնալ անցյալի այն համակարգի խորհրդանիշը, որի դեմ տարիներ շարունակ ձևավորվել է հանրային դժգոհությունն ու անվստահությունը։ 
Անկախ այն հանգամանքից, թե ինչպես են գնահատվում նրա իշխանավարման տարիները, ակնհայտ է, որ քաղաքական օրակարգում նա ավելի շատ ասոցացվում է «արյունոտ» անցյալի, քան վաղվա Հայաստանի հետ։

Այս տարիների ընթացքում Քոչարյանին չհաջողվեց դուրս գալ իր ավանդական ընտրազանգվածի սահմաններից։ Նրա շուրջ համախմբված ընտրողները հիմնականում նույն մարդիկ են, որոնք նրան աջակցել են նաև նախկին ընտրություններում՝ չնչին բացառություններով։ Սակայն քաղաքական հաջողության համար անհրաժեշտ է ոչ միայն պահպանել հին ընտրողին, այլև գրավել նորերին։ Հենց այստեղ է սկսվում գլխավոր խնդիրը. երիտասարդ սերնդի համար Քոչարյանը ոչ թե ապագայի, այլ անցյալի քաղաքական գործիչ է։

Մյուս կողմից՝ ընդդիմադիր դաշտում իրավիճակը փոխվել է։ Եթե նախորդ խորհրդարանական ընտրություններին  նա փորձում էր ներկայանալ որպես իշխանության հիմնական այլընտրանք, ապա այսօր այդ դաշտում կան բազմաթիվ դերակատարներ, որոնք պայքարում են նույն ընտրազանգվածի համար։ Արդյունքում հակաիշխանական ձայները մասնատվում են, իսկ Քոչարյանի թիմն այլևս չունի այն մենաշնորհային դիրքը, որի վրա նախկինում հույս էր դնում։ Այլ կերպ ասած, եթե 2021-ին Քոչարյանը չկարողացավ «կռել» Փաշինյանին, հիմա առավել եւս չի ստացվի։

Հատկանշական է նաև մեկ այլ հանգամանք. Քոչարյանի յուրաքանչյուր հրապարակային ակտիվացում ոչ միայն համախմբում է իր համակիրներին, այլև ակտիվացնում է նրա հակառակորդներին։ Նրա անունը շարունակում է սրել հասարակական բևեռացումը, և շատ քաղաքացիների համար ընտրությունը հաճախ դառնում է ոչ թե «հանուն Քոչարյանի», այլ «ընդդեմ Քոչարյանի»։ Սա այն քաղաքական բեռնն է, որից երկրորդ նախագահը տարիներ շարունակ չի կարողացել ազատվել։

Քաղաքական իրականությունը դաժան է. ընտրողը սովորաբար քվեարկում է ոչ թե անցյալի հիշողությունների, այլ ապագայի սպասումների համար։ Իսկ այսօր Քոչարյանի քաղաքական ուղերձներում շատերն ապագայի տեսլական չեն տեսնում։ Նրանք տեսնում են նույն դեմքերը, նույն հռետորաբանությունը և նույն պայքարը, որը շարունակվում է արդեն տասնամյակներ եւ որեւէ արդյունք չի տվել։

Բացառված չէ, որ Ռոբերտ Քոչարյանի քաղաքական նախագիծը բախվի իր ամենամեծ պարտությանը՝ ոչ թե իշխանություն չձևավորելու, այլ նույնիսկ խորհրդարան մտնելու իրավունքը կորցնելու տեսքով։ Դա կլինի ոչ միայն ընտրական անհաջողություն, այլ նաև ազդանշան, որ Հայաստանի քաղաքական կյանքում անցյալի որոշ էջեր վերջնականապես փակվում են։

Վերջնական «իտոգն» իհարկե, կտա ընտրողը, սակայն այսօր քաղաքական դաշտում ավելի ու ավելի հաճախ է շրջանառվում է  մի վարկած՝ Ռոբերտ Քոչարյանի գնացքը գնացել է։

Irakanum.am

Leave a comment