Մոլդովայի ԱԳ նախարարը խոստովանել է, որ ՆԱՏՕ-ին անդամակցությունը դեռևս հանրային աջակցություն չի ստանում

Մոլդովայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցությունը ներկայում քիչ հավանական է, քանի որ քաղաքացիների մեծամասնությունը չի աջակցում այդ գաղափարին՝ չնայած տարածաշրջանում անվտանգության իրավիճակին։ Այս մասին մայիսի 30-ին Vocea Basarabiei-ի եթերում հեռարձակվող Eurosecuritate ծրագրում հայտարարել է արտաքին գործերի նախարար Միխայ Պոպշոյը, հաղորդում է Newsmaker-ը։Նա ափսոսանք է հայտնել, որ մոլդովացի քաղաքական գործիչները խուսափում են այս թեմայի բաց քննարկումից՝ դրա ոչ ժողովրդական լինելու պատճառով։

 

Պատասխանելով Ռուսաստանի՝ Ուկրաինայի դեմ ագրեսիայի և տարածաշրջանում անկայունության ֆոնին Մոլդովայի՝ ՆԱՏՕ-ի հետ մերձեցման հեռանկարների մասին հարցին՝ ԱԳ նախարարը ընդգծել է, որ առանցքային գործոնը շարունակում է մնալ քաղաքացիների կամքը։

«ՆԱՏՕ-ին անդամակցությունը, ինչպես ցանկացած միջազգային կազմակերպության, կախված է մեր քաղաքացիների կամքից։ Լայն աջակցություն լինելու դեպքում դա կարող է դառնալ լուրջ հեռանկար և մտնել օրակարգ։ Մեր դեպքում, ինչպես հայտնի է, այդպիսի աջակցություն չի եղել», — հայտարարել է Պոպշոյը։

 

Նախարարը նաև նշել է, որ անձամբ աջակցում է ՆԱՏՕ-ի հետ համագործակցության գաղափարին և կարծում է, որ այս թեման պետք է ավելի բաց քննարկվի հասարակությունում և ԶԼՄ-ներում։ Նրա խոսքով՝ մոլդովացի քաղաքական գործիչները հաճախ խուսափում են այս քննարկումից։ Նա հավելել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքը համարvում է անվտանգության երաշխավոր և ընդգծել է ՆԱՏՕ-ի՝ Քիշնևի կենտրոնում աշխատանքային հեռանկարները։

 

iData սոցիոլոգիական ընկերության մայիսին հրապարակված վերջին հարցման համաձայն՝ Մոլդովայի քաղաքացիների 54,5%-ը չի աջակցում երկրի՝ ՆԱՏՕ-ին անդամակցությանը։ Ինտեգրմանը կողմ է արտահայտվել հարցվածների 33,6%-ը։

Leave a comment