Քոչարյանի ստերը․ «Կոլցո» օպերացիա Բաղրամյան պողոտայում․ 2004 թվականի ապրիլ

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

 

Երեկ Ռոբերտ Քոչարյանը օգտվելով Հայաստանում 2018-ից հեղափոխությամբ սկիզբ դրված ժողովրդավարության հնարավորությունից՝ հյուրընկալվել էր Հանրային հեռուստաընկերությունում՝ հարցազրույցի։ Քոչարյանը իրեն բնորոշ՝ դեմքի լուրջ, բայց ցինիկ արտահայտությամբ փորձում էր խմբագրել իր կառավարման արյունոտ դեմքը։ Պետրոս Ղազարյանի դիտարկմանը, որ հատկապես ընտրություններից հետո ծեծում էին ցուցարարների, լրագրողների, մտնում քաղաքական ուժերի գրասենյակներ եւ ջարդում, փշրում՝ նա նշել է, թե հիմա ոստիկանությունը շատ ավելի է ուժ կիրառում ընդդիմադիրների նկատմամբ, քան այն ժամանակ։ Իրեն նախագահ հորջորջող անձի այս պնդումը, այն էլ Հանրային հեռուստաընկերության եթերում՝ անարգանք է հայ ժողովրդի հասցեին. եթե նա կարողացել է այդ թվականներին շատ փաստեր վերացնել, մարդկանց բերանները փակել, ապա հիշողություններ ջնջելն անհնար է։ 2003 թվականի նախագահական ընտրություններից հետո դրա արդյունքները կեղծելու փաստերն այնքան ցցուն էին, որ անգամ Սահմանադրական դատարանը ստիպված եղավ որոշում կայացնել՝ առաջարկելով 1 տարվա ընթացքում վստահության հանրաքվե անցկացնել, սակայն կեղծ փաստաթղթերով նախագահ նշանակված Քոչարյանը թքած ուներ ՍԴ-ի եւ, առհասարակ, պետական կառուցակարգի ու սահմանադրականության վրա։

 

Իսկ արդեն 2004-ի ապրիլին ընդդիմության միասնական նախագահի թեկնածու Ստեփան Դեմիրճյանի գլխավորած ցույցերը ճնշվեցին անմարդկային ձեւով։ Տարածված տեսանյութերից պարզ էր, որ Քոչարյանը ժողովրդի դեմ կիրառեց նոր մեթոդներ՝ ջրցան մեքենաներ, լուսաձայնային նռնակներ, մահակներ, ֆիզիկական հետապնդում և հաշվեհարդար Երեւանի կենտրոնի բանուկ հատվածներում կամ ընդդիմադիր ուժերի հենց գրասենյակներում՝ ջարդելով վերջիններիս գույքը։

Քոչարյանը նշում է, թե 0 մարդու նկատմամբ է հետապնդում եղել՝ այնինչ մամուլում բազմաթիվ են հրապարակումները և միջազգային կազմակերպությունների հայտարարություններն այն մասին, որ հարյուրավոր մարդիկ ձերբակալվեցին կամ մեկուսացվեցին այդ դեպքերից հետո և անգամ անձեռնմխելիությամբ օժտված պատգամավորները հետապնդման էին ենթարկվում։ Քոչարյանն իր արյունոտ տասնամյակում, ռեցեդիվիստ հանցագործի նման կատարել է այնպիսի արարքներ, որոնք թվարկելը մեկ հոդվածով անհնար է։

Ի դեպ, 2000-ականներին Քոչարյանի ոստիկանությունը ջարդում էր նաև կուսակցական գրասենյակներում կախված՝ Վազգեն Սարգսյանի և Կարեն Դեմիրճյանի դիմանկարները։ Չբավարարվելով արյունոտ 27-ից, նա անգամ կռիվ էր տալիս իր կառավարման զոհեր Դեմիրճյանի և Սարգսյանի լուսանկարների հետ։ 2004 թվականի ապրիլին Բաղրամյան պողոտայում տեղի ունեցածը հետագայում մարդկանց մեջ մնաց որպես «Կոլցո» օպերացիա ընդդեմ հայ ժողովրդի։ Հիշեցնենք, որ Քոչարյանի ոստիկաններն այդ օրը Բաղրամյանում օղակի մեջ առան խաղաղ ցուցարարներին և սկսվեց ջարդը։

Leave a comment