«Առյուծը չգիտեմ, բայց դու պատրաստվիր, որ վանդակում ես ապրելու, հետդ էլ անպայման որձ կլինի, խոստանում եմ»․ Փաշինյանը՝ Ծառուկյանին

«Իմ խոսույթը վերաբերվում է ԼՂ պսևդոլէիտային և նրանց հարակից շրջանակներին։ Դա ճիշտ խոսույթ է։ Նրանք փախել են, հիմա էլ ուզում են ՀՀ ժողովրդին կրկին ներքաշել պատերազմի մեջ»,-լրագրողի փաստմանը՝ քաղաքացիները Ձեզ քննադատում են այն խոսույթն առաջ բերելու համար, երբ մարդկանց մեղադրում եք՝ ինչո՞ւ չեք զոհվել և հարցին՝ այս խոսույթը որքանո՞վ է ընդունելի, լրագրողների հետ ճեպազրույցում այսպես արձագանքեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նաև հայտարարեց, թե իր բնորոշմամբ՝ Ղարաբաղի՝ այսպես կոչված պսևդոէլիտային արմատախիլ է անելու ՀՀ-ում․ «Այդ մարդիկ պետք է պարզաբանեն՝ իրենք որտե՞ղ են եղել։ Նրանք պիտի պարզաբանեն այդ թվում՝ ապօրինի գույքի բռնազավթման համակարգով հատ-հատ տները ձեռքներից առնելու ենք, և ես նաև դրա համար եմ մանդատ ուզում Հայաստանի և Ղարաբաղի ժողովրդից։ Նրանք դեռ պետք է պատասխան տան»։

Փաստմանը Արթուր Օսիպյանը մեղադրվում է խուլիգանության մեջ, նա տնային կալանքի տակ է, բայց ուղիղ եթերում երևում է, որ նա վիրավորական արտահայտություն չի արել, ավելին՝ նա այժմ հացադուլ է հայտարարել և նշել, որ կդադարեցնի այն դեպքում, երբ Փաշինյանը իրենից ներողություն խնդրի իրեն «փախած» անվանելու համար և հարցին՝ արդյոք պատրաստվո՞ւմ եք ներողություն խնդրել Արթուր Օսիպյանից և արդյոք չեք կարծո՞ւմ, որ եթե նրա հետ ինչ-որ բան պատահի, ապա պատասխանատվությունը կընկնի Ձեր վրա, Նիկոլ Փաշինյանն այսպես պատասխանեց․ «Որտե՞ղ է Արթուր Օսիպյանը կռվել, որ մի հատ էլ եկել, Ղարաբաղի հարց է առաջ տանում։ Որտե՞ղ է ինքը եղել պատերազմի ժամանակ։ Նա պետք է ներողություն խնդրի և իր նման պսևդոէլիտայի ներկայացուցիչները»։

Նշենք, որ «ՍիվիլՆեթի» հետ զրույցում Արթուր Օսիպյանի մարտական ընկեր Հարութ Մնացականյանը տեղեկացրել է, որ Արթուր Օսիպյանը 44-օրյա պատերազմի ժամանակ «Եղնիկներ» զորամասում էր։

Նիկոլ Փաշինյանը նաև անդրադարձավ Գագիկ Ծառուկյանին ու նրան զգուշացրեց․ «Խելքդ գլուխդ հավաքի, հլը մի հատ քեզ հաշիվ տուր՝ ով ես, ում հետ ես խոսում, հանցագործ։ Հեսա քեզնով էլ կզբաղվենք, Ծառուկյան Գագիկ։ Պատրաստվիր՝ «Արարատցեմենտը։ պետականացնում ենք, և հանցավոր էդ գործարքի համար դու ու խնամիդ պատասխանատվություն եք կրելու ՀՀ ժողովրդին թալանելու համար։ Եվ պատրաստվիր, որ դղյակդ էլ դառնալու է ծերերի խնամքի կենտրոն մինչև 2031 թվական։ Ես ՀՀ ընտրողների առաջ դա խոստանում եմ։ Առյուծը չգիտեմ, բայց դու պատրաստվիր, որ վանդակում ես ապրելու առաջիկա տասնամյակներում, հետդ էլ անպայման որձ կլինի, խոստանում եմ»։

ԲՀԿ նախագահի խոսնակն այս սպառնալիքներին կարդացեք այստեղ։

Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment