Կալլասը հայտարարել է, որ ԱՄՆ-ը տարհանել է դիվանագետներին Կիևից ՌԴ-ի սպառնալիքներից հետո․ Ուկրաինայի ԱԳՆ-ն հերքում է

ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը հայտարարել է, որ ամերիկացի դիվանագետները լքել են Կիևը՝ Ռուսաստանի կողմից հարվածելու սպառնալիքներից հետո, գրում է Meduza-ն։

Կալլասը լրագրողներին ասել է, որ ուկրաինական կողմից ստացված տեղեկատվության համաձայն՝ «բոլոր դեսպանատները, բացի մեկից, մնում են Ուկրաինայում։ Ամերիկան ​​հեռացել է»։ ԵՄ դիվանագիտության ղեկավարն ընդգծել է, որ Կիևին հարվածելու մասին Ռուսաստանի սպառնալիքները վախեցնելու փորձ են, ինչը, նրա խոսքով, չի աշխատի։

Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը, սակայն, չի հաստատել Կալլասի հայտարարությունը:

«Դա ճիշտ չէ»,- ՌԲԿ Ուկրաինան մեջբերել է նախարարության ներկայացուցիչների խոսքերը։

Մինչդեռ Ուկրաինայի նախագահի խորհրդական Դմիտրի Լիտվինը հայտնել է, որ ամերիկացի դիվանագետներն իսկապես լքել են Կիևը: Նա պնդել է, որ ամերիկացիները տարհանվել են նախքան Ռուսաստանը մայիսի լույս 24-ի գիշերն Ուկրաինային հարվածներ կհասցներ անօդաչու թռչող սարքերի, բալիստիկ և թևավոր հրթիռների, ինչպես նաև «Օրեշնիկ» հրթիռների օգտագործմամբ:

«Մենք լսել ենք, որ ամերիկացի դիվանագետներն այդ ժամանակ լքել են Կիևը»,- ասել է նա՝ հավելելով, որ, «ամեն դեպքում, Ուկրաինան շնորհակալ է Կիևում գործող բոլոր դեսպանատներին»:

Մայիսի 25-ին Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը սպառնացել էր հարվածներ հասցնել Ուկրաինայի մայրաքաղաքում գտնվող «որոշումների կայացման կենտրոններին», պաշտպանական օբյեկտներին և հրամանատարական կետերին։ Նախարարությունը կոչ էր արել օտարերկրացիներին, այդ թվում՝ դիվանագետներին, «հնարավորինս շուտ» լքել Կիևը, իսկ քաղաքի բնակիչներին՝ «հեռու մնալ Զելենսկիի ռեժիմի ռազմական և վարչական ենթակառուցվածքներից»։

Ուկրաինայում ԵՄ դեսպան Կատերինա Մատերնովան Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության հայտարարությունն անվանել էր «երեսպաշտության գլուխգործոց» և «հուսահատության նշան»։ Նա հավելել էր, որ եվրոպացի դիվանագետները հեռանալ չեն պատրաստվում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

Leave a comment