«Անկախ դիտորդ»-ը կոչ է անում Մարուքյանին նպաստել իրականության բացահայտմանը

«Անկախ դիտորդ» դաշինքը հայտարարել է, որ անկողմնակալ է ընտրական սուբյեկտների նկատմամբ, սակայն չի կարող անտարբեր մնալ ընտրախախտումների և ժողովրդավարությանը սպառնացող երևույթների հանդեպ։ Դաշինքը դատապարտել է իր ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանի նկատմամբ մեղադրանքներն ու ճնշումները, կոչ արել Էդմոն Մարուքյանին աջակցել իրականության բացահայտմանը, իսկ Արման Թաթոյանին՝ պարզաբանել քաղաքական ուժի ֆինանսավորման աղբյուրները։

«Անկախ դիտորդ դաշինքը անկողմնակալ է ընտրական սուբյեկտների նկատմամբ, սակայն չեզոք և անտարբեր չէ ընտրախախտումների և ժողովրդավարության սպառնալիքների նկատմամբ։

Անկախ դիտորդը բարձրաձայնում և իրավական հետևանքներ է պահանջում բոլոր այն դեպքերի վերաբերյալ, որոնց մասին վկայություններ է ստանում մեկից ավելի աղբյուրից։ Բարձրաձայնման, հաղորդումների և հայտարարությունների նպատակն այդ դեպքերի ամբողջական քննությունն է և նմանատիպ դեպքերի կանխումը։ Բնական է, որ ընտրական գործընթացի առանձին սուբյեկտների Անկախ դիտորդի գնահատականների ընկալումը պայմանավորված է սեփական քաղաքական շահերով և կողմնապահությամբ, սակայն Անկախ դիտորդի և իր ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանի նկատմամբ մեղադրանքների, ճնշումների և գրաքննության փորձն անընդունելի է։

Անկախ դիտորդը կոչ է անում Լուսավոր Հայաստան կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին Դանիել Իոաննիսյանի կողմից հնչեցրած հարցի հիման վրա նրա անաչառությունը կասկածի տակ դնելու փոխարեն նպաստել իրականության բացահայտմանը։

Անկախ դիտորդ դաշինքը հորդորում է Միասնության թևեր կուսակցության ղեկավար Արման Թաթոյանին չնենգափոխել իր քաղաքական ուժի ֆինանսական միջոցների աղբյուրների վերաբերյալ հարցապնդումները։ Դոսյե կենտրոնը համարվում է վստահելի հետաքննական աղբյուր, որի կողմից նշված փաստական հանգամանքները Անկախ դիտորդ դաշինքը համարում է արժանահավատ և ստուգման ենթակա։

Անկախ դիտորդի ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանի դիտորդական չեզոքությունը խախտելու մեջ հանիրավի մեղադրելու փոխարեն հորդորում ենք Արման Թաթոյանին բացահայտել իր ուժի ֆինանսավորման աղբյուրները և ապացուցել, որ հրապարակված տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում։

Դատապարտում ենք դիտորդական առաքելության թիրախավորումը։

Հաստատակամորեն շարունակելու ենք ընտրախախտումների, ժողովրդավարական հիմնարար ինստիտուտի՝ ընտրությունների հանդեպ հանրային վստահությունը խարխլող ցանկացած դրսևորման կանխարգելման և բացահայտման ջանքեր գործադրելը։

Վստահեցնում ենք, որ հետևողական ենք լինելու Հայաստանի Հանրապետությունում ընտրական իրավունքների պաշտպանությանը անկախ նրանից, թե որ առանձին քաղաքական միավորի ապօրինի շահերին է դա վնասում»,- ասված է հաղորդագրությունում։

Հիշեցնենք, որ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը դիմել էր Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ պահանջելով «Անկախ դիտորդ» դաշինքի անդամ, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանին զրկել դիտորդական հավատարմագրումից։ Կուսակցության պնդմամբ՝ Իոաննիսյանը հակաքարոզչություն է իրականացրել ԼՀԿ ցուցակի առաջին համար Էդմոն Մարուքյանի դեմ՝ խախտելով քաղաքական չեզոքության պահանջը։

 

Leave a comment