Ժամն է սթափվելու, համախմբվելու և համազգային դիմադրությամբ տեր կանգնելու մեր արժեքներին․ սա պայքար է հանուն ինքնության և պետականության, սա մի նոր Սարդարապատ է․ ՀՅԴ ՀԳՄ

ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ ԵՆՔ ՀՅԴ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԵՐԱԳՈՒՅՆ ՄԱՐՄՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՄԱՅԻՍԻ 28-Ի ԱՌԻԹՈՎ

«Սիրելի՛ հայրենակիցներ,

1918 թվականի Մայիսի 28-ը հայոց պատմության բեկումնային կետն է։ Հենց Մայիսի 28-ին ցեղասպանությունից մազապուրծ եղած ժողովուրդը մահվան դատավճիռը փոխարինեց պետականության ստեղծմամբ։

Սարդարապատում, Բաշ Ապարանում և Ղարաքիլիսայում մենք ապացուցեցինք՝ աշխարհում չկա այնպիսի զենք, որն ի զորու լինի հաղթել սեփական հողում ապրելու կամքին։

Հավատարիմ իր առաքելությանը՝ ծանրագույն պայմաններում պետականաշինության գերմարդկային առաքելությունը ստանձնեց Հայ Յեղափոխական Դաշնակցությունը: Որբերով ու գաղթականներով լեցուն, սովի ու պատերազմների մեջ գտնվող երկրում Հանրապետության հիմնադիր սերունդը՝ Արամ Մանուկյանը, Հովհաննես Քաջազնունին, Գարեգին Նժդեհը, Դրոն, Ռուբեն Տեր-Մինասյանը և մյուս նվիրյալները, արեցին անհնարին թվացողն ու բեկեցին մեր ժողովրդի ճակատագիրը։

Այսօր կրկին ճակատագրական հանգրվանում ենք։ Կասկածի տակ է մեր պետականության ընթացքը, հարվածի թիրախում է մեր ինքնությունը, հալածվում է մեր եկեղեցին, գաղթական է մեր ժողովուրդը, կորսված է հայկական Արցախը։

Բայց մենք գիտենք, որ հայ ժողովրդի մեջ դեռ կենդանի է Մայիսյան հերոսամարտերի ոգին, որ մեր սերունդներն իրենց ճանաչում են հենց Սարդարապատից:

Ուստի՛, ժամն է սթափվելու, համախմբվելու և համազգային դիմադրությամբ տեր կանգնելու մեր արժեքներին: Սա պայքար է հանուն ինքնության և պետականության, սա մի նոր Սարդարապատ է:

Մենք տեր ենք կանգնելու հայոց անկախ պետականությանը, վերականգնելու ենք մեր ազգային արժանապատվությունը և թույլ չենք տալու, որ հայության ճակատագիրը գրվի օտարի թելադրանքով:

Մենք կա՛նք, մենք կպայքարե՛նք և մենք կհաղթե՛նք:

Շնորհավոր Մայիսի 28։

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմին

28 մայիսի, 2026 թ.»։

Leave a comment