Մենք սկսել ու շարունակում ենք կառուցել այնպիսի պետություն, որտեղ կենացային խաղաղությունը վեր է ածվել իրական ու տեսանելի խաղաղության. Սիմոնյան

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ուղերձ է հղել Հանրապետության օրվա առթիվ

Սիրելի՛ հայրենակիցներ,

Շնորհավորում եմ բոլորիս Հանրապետության տոնի առթիվ։

1918 թվականի մայիսի 28-ին՝ Սարդարապատի, Բաշ-Ապարանի, Ղարաքիլիսայի հերոսամարտերից հետո վերականգնվեց դարեր շարունակ խաթարված հայոց պետականությունը: Հայ ժողովուրդը, ապրելով իր պատմության ամենածանր ժամանակաշրջաններից մեկը, կարողացավ համախմբվել պետություն ունենալու վեհ գաղափարի շուրջ, հավատալ իր ուժին ու ոտքի կանգնել՝ կերտելով անկախ հանրապետություն: Չնայած Հայաստանի առաջին հանրապետությունն ընդամենը երկուսուկես տարվա կյանք ունեցավ, բայց այն շրջադարձային էր մեր ազգային մտածողության տեսանկյունից, քանի որ դարերով պետականազուրկ եղած ազգից կրկին վերածվեցինք պետականակերտ ժողովրդի։

Սիրելի՛ հայրենակիցներ, այժմ մենք կանգնած ենք պատմական առաքելության իրագործման առաջ։

Մենք սկսել ու շարունակում ենք կառուցել այնպիսի պետություն, որտեղ կենացային խաղաղությունը վեր է ածվել իրական ու տեսանելի խաղաղության։

Պետություն, որին տրվող ինքնիշխան, ազատ ու անկախ ձևակերպումներն այլևս միայն սահմանադրական ամրագրումներ չեն։

Պետություն, որտեղ ժողովրդավարությունն ու մարդու իրավունքների պաշտպանությունը ոչ թե միայն կոչեր են, այլ հստակ որդեգրված քաղաքականության ուղենիշներ, երբ քաղաքացին իր անմիջական մասնակցությունը կարող է ունենալ պետության զարգացման ու կայացման գործում։

Եվ, իհարկե, պետություն, որը ձեռք է բերել միջազգային հեղինակություն՝ վայելելով տարբեր երկրների առաջնորդների և միջազգային գործընկերների հարգանքն ու գնահատանքը։

Փա՜ռք նահատակներին և շնորհավոր Հանրապետության տոնը, ազատ, անկախ ու ինքնիշխան Հայաստանի Հանրապետության քաղաքացի։

Leave a comment