Իրանը հայտարարում է, որ ԱՄՆ-ի հետ համաձայնագրի նախագծով Հորմուզի նեղուցը կբացվի, ծովային շրջափակումը կվերացվի

Քաղաքականություն

27.05.2026 | 19:51

Իրանի պետական ​​հեռուստատեսությունը հայտնել է, որ Թեհրանը ստացել է Միացյալ Նահանգների հետ հակամարտությանը վերջ դնելու վերաբերյալ փոխըմբռնման հուշագրի նախնական, ոչ պաշտոնական շրջանակի նախագիծը, գրում է Reuters-ը։

Դրա համաձայն՝ Իրանը մեկ ամսվա ընթացքում պետք է վերականգնի Հորմուզի նեղուցով առևտրային նավագնացությունը՝ հասցնելով այն նախապատերազմյան մակարդակին, մինչդեռ Միացյալ Նահանգները կհեռացնի իր ռազմական ուժերը Իրանի շրջակայքից և կվերացնի ռազմածովային շրջափակումը։

Պետական ​​հեռուստատեսության հաղորդմամբ՝ համաձայնագիրը, որը բացառում է ռազմական նավերը և նախատեսում, որ Իրանը կկառավարի նավերի երթևեկությունը նեղուցով Օմանի հետ համագործակցությամբ, դեռևս վերջնականապես չի մշակվել։

Նշվում է նաև, որ եթե կողմերը վերջնական համաձայնության հասնեն 60 օրվա ընթացքում, այն կարող է հաստատվել որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի պարտադիր բանաձև։

ԱՄՆ-Իրան փոխըմբռնման հուշագիրը ծագել է փետրվարին սկսված պատերազմից հետո սկսված անուղղակի բանակցությունների արդյունքում, որտեղ Պակիստանը կենտրոնական միջնորդական դեր է խաղում Թեհրանի և Վաշինգտոնի միջև։

ԱՄՆ-ից դեռևս որևէ մեկնաբանություն չի եղել իրանական կողմի հաղորդման վերաբերյալ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

Leave a comment