Երևանում մեկնարկել է գրեփլինգի, պանկրատիոնի և սիրողական MMA-ի (խառը մենամարտեր) Եվրոպայի առաջնությունը։ Հայաստանը պատմության մեջ առաջին անգամ է հյուրընկալում Ըմբշամարտի համաշխարհային միության (UWW) հովանու ներքո անցկացվող մրցաշար։ Այդ մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից:
Առաջնության պաշտոնական բացման արարողությանը ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը, Հայաստանի գրեփլինգի, պանկրատիոնի և սիրողական խառը մենամարտերի ֆեդերացիայի նախագահ Սարգիս Բազինյանը, UWW-ի փոխնախագահ Ռոդիկա Մարիա Յակսին, պաշտոնատար այլ անձինք, հյուրեր:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը ողջունել է մասնակիցներին և հյուրերին՝ ՀՀ-ում գտնվելու և Եվրոպայի առաջնության բացման արարողությանը մասնակցելու առիթով։ «Իսկապես չափազանց կարևոր է, որ Հայաստանը հերթական անգամ հյուրընկալում է նման նշանակալի մարզական միջոցառում։ Այս առաջնությունը ևս մեկ կարևոր ստուգատես կդառնա մեր երկրի համար, որը, վստահ եմ, պատվով կիրականացնենք։ Ուրախ եմ, որ մեր երկիրը դարձել է եվրոպական այն կենտրոնը, որտեղ համախմբվել են գրեփլինգի լավագույն մասնագետները, մարզիկները, մարզիչները, ինչպես նաև պանկրատիոնի ոլորտի ներկայացուցիչները»,- նշել է Հասմիկ Ավագյանը։
Նա ընդգծել է, որ վերջին տարիներին Կառավարության ռազմավարական առաջնահերթություններից մեկը միջազգային խոշոր մրցաշարերի անցկացումն է Հայաստանում։ Նախարարի տեղակալը նաև շնորհակալություն է հայտնել Հայաստանի գրեփլինգի, պանկրատիոնի և սիրողական խառը մենամարտերի ֆեդերացիային՝ մրցաշարի կազմակերպումն ու անցկացումը բարձր պատասխանատվությամբ ստանձնելու համար՝ վստահություն հայտնելով, որ մրցաշարը կնպաստի մարզաձևերի զարգացմանն ու տարածմանը Հայաստանում։
Մրցաշարի մասնակիցներին ողջունել է նաև Հայաստանի գրեփլինգի, պանկրատիոնի և սիրողական խառը մենամարտերի ֆեդերացիայի նախագահ Սարգիս Բազինյանը:
«Սա կարևոր և պատմական իրադարձություն է ոչ միայն մեր ֆեդերացիայի, այլև ամբողջ հայկական սպորտի համար»,- նշել է Սարգիս Բազինյանն ու Երևանում անցկացվող առաջնության հուշամեդալը նվիրել պաշտոնատար հյուրերին։
Ողջույնի խոսքով հանդես է եկել նաև Ռոդիկա Մարիա Յակսին՝ շնորհակալություն հայտնելով կազմակերպիչներին մրցաշարի բարձր մակարդակով անցկացման և ջերմ հյուրընկալության համար։
Առաջնությանը մասնակցում են 15 երկրի ավելի քան 800 մարզիկներ: Մրցումային նախորդ երեք օրերի ընթացքում Հայաստանը ներկայացնող մարզիկները նվաճել են 7 ոսկե, 11 արծաթե և 23 բրոնզե մեդալ՝ մինչև 15, Մ17 և Մ20 տարեկանների պայքարում:
Այսօր՝ մեծահասակաների կազմում Եվրոպայի չեմպիոնի կոչմանն արժանացել է 58 կգ քաշային Ռազմիկ Մինասյանը: Գրեփլինգի մրցումները կավարտվեն մայիսի 27-ին, իսկ պանկրատիոնի և սիրողական MMA-ի մեծահասակների, մինչև 20, մինչև 17, մինչև 15 տարեկանների և վետերանների մրցումները կանցկացվեն մայիսի 28-31-ը։