Հայաստանի քաղաքական կուրսը կարող է հակասել ԵԱՏՄ իրավական դաշտին․ Օվերչուկ․

Քաղաքականություն

Հայաստանի քաղաքական կուրսը կարող է հակասել ԵԱՏՄ իրավական դաշտին․ Օվերչուկ․

Ռուսաստանը դիտորդի դերում չէ Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությունից հնարավոր հեռացման շուրջ քննարկումներում և Երևանին հստակ ազդակներ է փոխանցում։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված մեկնաբանությունում հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

«Մենք որոշակի ազդակներ ենք փոխանցում, և դրանք շատ լուրջ են։ Այս թեմայով երկար ժամանակ է՝ նրանց հետ քննարկումներ ենք վարում՝ բավական անկեղծ ձևաչափով։ Բնականաբար, այդ ամենը տեղի է ունեցել փակ դռների հետևում։ Նրանք ամեն ինչ գիտեն և շատ լավ հասկանում են, սակայն շարունակում են այդ կուրսը»,- ասել է նա։

Օվերչուկի խոսքով՝ ԵԱՏՄ անդամ ոչ մի երկիր շահագրգռված չէ, որ Հայաստանը դուրս գա Միությունից։

«Ոչ ոք չի ցանկանում, որ Հայաստանը հեռանա ԵԱՏՄ-ից։ Իհարկե, մենք նույնպես դա չենք ցանկանում»,- նշել է նա՝ հավելելով, որ Երևանի քաղաքական կուրսը, սակայն, շարժվում է այդ ուղղությամբ։

ՌԴ փոխվարչապետը նաև ընդգծել է, որ Հայաստանը գիտակցում է ԵԱՏՄ անդամակցության բոլոր առավելությունները, ինչի պատճառով էլ չի շտապում դուրս գալ Միությունից։

«Եթե այս քաղաքականությունը շարունակվի, ինչ-որ պահի այն կհակասի թե՛ ԵԱՏՄ նորմատիվ-իրավական կարգավորումներին, թե՛ Միության ընդհանուր իրավական դաշտին։ Սա բավական նուրբ հարց է, որը պետք է մշտապես վերահսկել, և մենք դա անում ենք»,- ասել է Օվերչուկը։

Նա հավելել է, որ Հայաստանը ԵԱՏՄ շրջանակում կատարում է իր պարտավորությունները և երբևէ չի խախտել Միության կանոնները։

Leave a comment