ԱԺ ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած «Բոլորին դեմ եմ» կուսակցությունը «զահլեն տանելու» ակցիա է իրականացնում Հայաստանի հանրային ռադիոընկերության դիմաց. նրանք «ժողովրդի զահլայի» 500 կիլոգրամանոց արձան տեղադրեցին Ռադիոտան մոտ։
«Մեր քարոզարշավը նպատակ ունի ցույց տալու, թե իրական քաղաքական պրոցեսները ՀՀ–ում ինչպես են տեղի ունենում։ Մեր կատարածի մեջ չկա կատակ։ Այն կատարելապես լուրջ է»,– ասացին կուսակցության ներկայացուցիչները։
Նրանց հորդորեցին ոստիկանությանը, որ հետևեն ու խուլիգանություն համարեն, եթե որևէ մեկը փորձի տեղաշարժել արձանը կամ վնասել։
«Այսօրվանից պետք է այնպես լինի, որ մեր բոլորիս զահլան չկարողանան տանել, իսկ դրա լավագույն ձևը մեզ քվեարկելն է»,– նշեցին նրանք։
Կուսակցության վարչապետի թեկնածու Նինա Կարապետյանցն էլ հայտարարեց, որ իրենց արձանի ծանրությունը ցույց է տալիս, թե գործող իշխանությունները որքան են տարել ժողովրդի «զահլեն»։
«Սա է այն ծանրակշիռ, հասարակության համար զզվեցնող, թթվի քար դարձած զահլեն։ Հասարակությանն ուզում ենք ասել` սա վերջին զահլեն է լինելու, եթե անգամ գան, վերցնեն ու տանեն, ապա սա կլինի վերջին զահլեն, որ կտանեն։ Պետական բյուջեով որ զահլեքս տարել են, թող հավաքեն այս զահլեն էլ տանեն»,– ընդգծեց Կարապետյանցը։
Նշենք, որ «Բոլորին դեմ եմ» կուսակցությունը շատ յուրահատուկ նախընտրական քարոզարշավ է անում՝ «ջուր ծեծելու», «ցեխ շպրտելու», «մուկ տշելու», «բոչկա գլորելու», «պորտը տեղը դնելու» ակցիաներ անելով։
ՀՀ-ում հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։ Ընտրություններին մասնակցելու հայտ էր ներկայացրել 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։ Մայիսի 8–ին մեկնարկել է պաշտոնական քարոզարշավը, որը կտևի մինչև հունիսի 5-ը ներառյալ։ Մայիսի 25–ին հայտնի դարձավ, որ «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցություն, որը քվեաթերթիկում 13-րդ համարն է, ինքնաբացարկի դիմում է ներկայացրել։ Մայիսի 26-ին ԿԸՀ-ն ուժը կորցրած ճանաչեց «Ալյանս» կուսակցության ընտրական ցուցակի գրանցումը։ Առաջիկա ընտրություններին 13 համարի քվեաթերթիկ չի լինի։
Sputnik Արմենիա