Պարտվածի հոգեբանությունից դեպի ուժեղ պետություն



Քաղաքականություն



«Մարդիկ հոգնել են մշտական վախից, անորոշությունից, աղքատությունից և արհեստական պառակտումից, հոգնել են այն բանից, որ իշխանությունը նրանց վերաբերվում է ոչ թե որպես արժանապատիվ քաղաքացիների, այլ որպես անձայն ռեսուրսի, որին կարելի է անվերջ խաբել ու վախեցնել՝ հանուն սեփական աթոռների պահպանման»։ Այս ուղերձով է Լոռու մարզի բնակիչներին դիմել տնային կալանքի տակ գտնվող «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը, որի տեսաուղերձը ցուցադրվել է Վանաձորում կազմակերպված հանդիպման ընթացքում։

Հայաստանի երրորդ քաղաքում հնչած այս խոսքերը հերթական նախընտրական ելույթից ավելի լայն իմաստ ունեին։ Կարապետյանը փորձել է ձևակերպել այն հանրային տրամադրությունը, որը վերջին տարիներին ավելի ու ավելի նկատելի է դառնում՝ հոգնածություն անվերջ ճգնաժամերից, անվտանգության մշտական սպառնալիքներից, սոցիալական ծանր վիճակից և հասարակության ներսում խորացող բաժանումներից։

Քաղաքական գործիչը հատուկ ընդգծել է Լոռու նշանակությունը՝ նշելով, որ այդ մարզն իր համար պարզապես վարչական միավոր չէ, այլ հայրենի տուն, որտեղ ձևավորվել են իր արժեքներն ու աշխարհայացքը։ Նրա խոսքով՝ հենց այստեղ է սովորել պատվի, խոսքին հավատարիմ լինելու և հայրենիքի հանդեպ պատասխանատվության գաղափարը։

Կարապետյանը համոզմունք է հայտնել, որ Հայաստանի փոքր լինելը չի նշանակում դատապարտված լինել պարտությունների ու զիջումների։ Նրա գնահատմամբ՝ խելացի կառավարման, ազգային արժանապատվության և ուժեղ պետական համակարգի դեպքում երկիրը կարող է վերածվել այնպիսի պետության, որի դիրքորոշումը միջազգային հարթակներում հաշվի կառնվի։

Նրա ելույթի առանցքային հատվածներից մեկը վերաբերում էր Լոռու մարզի ապագային։ Սամվել Կարապետյանի պատկերացմամբ՝ մարզը պետք է դադարի դիտարկվել որպես մոռացված ծայրամաս և վերածվի արդյունաբերական ու տնտեսական զարգացման կենտրոնի։ Նա նշել է, որ Տաշիրը, Վանաձորը, Ստեփանավանը, Ալավերդին և Սպիտակը կարող են ստանալ հստակ տնտեսական դերեր՝ արդյունաբերության վերականգնման, զբոսաշրջության զարգացման և փոքր ու միջին բիզնեսի խթանման միջոցով։

Կարապետյանը նաև կոշտ գնահատականներ է տվել գործող պետական կառավարման համակարգին։ Նրա խոսքով՝ եթե ներդրումներ չեն գալիս, եթե տնտեսությունը կանգ է առել, իսկ սահմանների անվտանգությունը շարունակում է խոցելի մնալ, դրա պատասխանատուն ժողովուրդը չէ, այլ իշխանությունը, որը պարտավոր է պատասխան տալ հասարակության առաջ։

Քաղաքական գործիչը կոչ է արել հրաժարվել պարտվածի հոգեբանությունից և այն մտածողությունից, որով յուրաքանչյուր կորուստ ներկայացվում է որպես անխուսափելիություն։ Այդ մոտեցման փոխարեն նա առաջարկել է այլ ճանապարհ՝ հզոր տնտեսության ստեղծում, ժամանակակից բանակի ձևավորում և կոշտ ու պրոֆեսիոնալ դիվանագիտություն։

Սամվել Կարապետյանի խոսքով՝ իր նպատակը այնպիսի Հայաստանի կառուցումն է, որտեղ աշխատող մարդը կապրի արժանապատիվ պայմաններում, գյուղերը չեն դատարկվի, պետությունը հավատարիմ կմնա իր խոսքին, իսկ քաղաքացիները չեն ամաչի իրենց երկրի ղեկավարներից։

Ելույթի ավարտին նա հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունները ներկայացրել է որպես որոշիչ հանգրվան՝ ընդգծելով, որ խոսքը միայն քաղաքական պայքարի մասին չէ, այլ այն հարցի, թե ինչպիսի երկիր է փոխանցվելու ապագա սերունդներին։ Կարապետյանը զգուշացրել է, որ անտարբերությունը վաղը մարդկանց կարող է զրկել դժգոհելու բարոյական իրավունքից, և կոչ արել ցույց տալ, թե ինչպես են «պայքարում ու հաղթում լոռվա տղերքն ու կանայք»։

Նախընտրական պայքարի այս փուլում քաղաքական ուժերի հիմնական շեշտադրումները գնալով ավելի կոշտ ու գաղափարական են դառնում։ Վանաձորից հնչած այս ուղերձն էլ ցույց տվեց, որ առաջիկա ընտրությունները տարբեր ուժերի համար ընկալվում են ոչ միայն որպես իշխանության պայքար, այլ նաև որպես Հայաստանի ապագա զարգացման ուղղության շուրջ վճռորոշ բախում։




Leave a comment