Մայր Աթոռից հայտնում են, որ Գարեգին Երկրորդը «խոր մտահոգություն է հայտնել Հայաստանի իշխանությունների կողմից իրականացվող հակաեկեղեցական արշավի, անհիմն մեղադրանքներով եկեղեցականաց դեմ հալածանքների, Եկեղեցու ինքնավարությունը խաթարող միջամտությունների առնչությամբ»։
«Արդարադատության ոտնահարմամբ նորանոր անօրինական արգելքներ են հարուցվում նաեւ հովվական առաքելության մեջ, զավթված են պահվում սրբավայրերը, առանձին եկեղեցիներում կարգալույծ անձինք իրենց հակականոնական, սրբապիղծ գործողություններով շարունակում են խռովել հավատացյալների հոգեւոր զգացումները, աղճատել կրոնածիսական կյանքը։
Ունայնամտություն է սանձազերծված բռնաճնշումները հիմնավորվել Հայոց Եկեղեցու, այսպես կոչված, բարենորոգման ծրագրի իրականացման անհրաժեշտությամբ», – նշեց Վեհափառ Հայրապետը՝ ցավ արտահայտելով, որ հանրությանը մատուցվող հիշյալ ծրագրի իրագործմանը, կեղծ պատճառաբանություններով լծվել են նաեւ մի շարք բարձրաստիճան եկեղեցականներ եւ թեմերի քահանաներ, իսկ որոշ հոգեւորականներ կամայական կարգով ծառայությունների մատուցման պայմանագրեր են կնքել Պաշտպանության նախարարության եւ Արդարադատության նախարարության Քրեակատարողական ծառայության հետ՝ ոտնահարելով Մայր Աթոռի իրավունքները, ինչը, անտարակույս, ունենալու է կարգապահական հետեւանքներ։
Վեհափառը հարկ համարեց, որ քահանա հայրերը շարունակաբար հանդես գան սպառիչ պարզաբանումներով, որպեսզի հավատավոր ժողովուրդը չտրվի կեղծ եւ անհիմն մեղադրանքների ազդեցությանը.
«Հստակ է՝ իշխանությունները նպատակ են հետապնդում ամեն գնով պառակտել, տկարացնել Եկեղեցին, խոչընդոտել Եկեղեցու ազգաշահ, արդյունավետ գործունեությունը եւ նվազեցնել նրա դերակատարությունը մեր ժողովրդի կյանքում, հատկապես՝ ազգային ինքնության, պատմական հիշողության եւ նվիրագործված արժեքների պահպանման հարցում»։
Խոսելով իշխող կուսակցության նախընտրական ծրագրում ներառված՝ Եկեղեցու հոգեւոր պետի հեռացման եւ այլ գործողությունների նախատեսումով, այսպես կոչված, «բարենորոգման» օրակարգի մասին՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդգծել է.
«Հոգեւոր կյանքի վերաբերյալ նման մոտեցումը հակասահմանադրական է ու դատապարտելի, հակասում է մեր Սուրբ Եկեղեցու կանոնական սկզբունքներին եւ ուղղակի միջամտություն է Եկեղեցու ինքնակառավարմանը՝ դրանից բխող բոլոր հետեւանքներով։ Արհեստածին «բարենորոգման» ծրագիրը կեղծ օրակարգ է։ Եկեղեցու բարենորոգումը չի կարող իրականացվել իշխանության ճնշմամբ ու թելադրանքով՝ ուղեկցվելով նաեւ բացահայտ զրպարտություններով ու կեղծիքներով։ Եկեղեցու բարեփոխությունը մշտական ներքին գործընթաց է՝ հիմնված բացառապես Եկեղեցու՝ դարերով ամրագրված կանոնակարգերի վրա, վավերացված եկեղեցական ժողովական մարմինների կողմից։ Ուստի, պիտի ամեն ջանք ի գործ դնենք պաշտպանելու մեր Սուրբ Եկեղեցու պատմականորեն կանոնակարգված, ինչպես եւ ՀՀ օրենսդրությամբ, միջազգային հռչակագրերով երաշխավորված իրավունքները եւ կանխելու Եկեղեցու կյանքում այսօրինակ վտանգավոր նախադեպերի ստեղծումը»։
«Իշխանությունները նպատակ ունեն ամեն գնով տկարացնել Եկեղեցին»
Երեւան: Մեդիամաքս: Մայիսի 26-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի է ունեցել քահանայից ամենամյա ժողովը, որին մասնակցում էին թեմակալ առաջնորդներ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբաններ, թեմերում եւ եկեղեցական տարբեր կառույցներում սպասավորող շուրջ 200 քահանա հայրեր: