Բաքվում ՌԴ դեսպանն առաջարկել է երկու երկրների միջխորհրդարանական հանդիպումը Շուշիում անցկացնել

Քաղաքականություն

26.05.2026 | 16:33

Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Եվդոկիմովն առաջարկել է հունիսին երկու երկրների խորհրդարանների ներկայացուցիչների հանդիպումն անցկացնել Արցախի տարածքում։ Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ռուս դիվանագետն այս առաջարկը հնչեցրել է «Ներդրումներ Կասպյան տարածաշրջանում» քննարկման ժամանակ։

Եվդոկիմովը նշել է, որ հունիսին Ադրբեջանի տարածքում նախատեսվում է երկու երկրների՝ Ռուսաստանի և Ադրբեջանի խորհրդարանականների հանդիպում։

«Պարտադիր չէ, որ այն տեղի ունենա Բաքվում, այլ գուցե Ղարաբաղում, օրինակ՝ Շուշայում (Շուշի), որպեսզի մեր խորհրդարանականները նույնպես տեսնեն այն լայնածավալ աշխատանքը, որը կատարվել է այդ տարածքներում»,- ընդգծել է Ռուսաստանի դեսպանը։

Նշենք, որ Եվդոկիմովը հաճախակի է այցելում Արցախի տարածքներ։ 2025 թվականի հոկտեմբերին նա ադրբեջանական լրատվամիջոցներին հայտարարել էր, որ «դա իր յոթերորդ այցն է ազատագրված Ղարաբաղ»։

 

Նախօրեին էլ ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը և Մոսկվայում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևը քննարկել են համագործակցության հեռանկարները և առաջիկա բարձր մակարդակի շփումները։ Ըստ ռուսական կողմի՝ Գալուզինը և Մուստաֆաևը «հաստատել են հարաբերությունները զարգացնելու փոխադարձ ցանկությունը»։ Նրանք վերահաստատել են իրենց հանձնառությունը շարունակել արդյունավետ համատեղ աշխատանքը՝ ռուս-ադրբեջանական բազմակողմանի դաշնակցության հետագա ամրապնդման համար, ներառյալ՝ Հարավային Կովկասում և Կասպյան տարածաշրջանում խաղաղության, կայունության և համագործակցության հիմքերի ամրապնդումը։

Բանակցությունների ընթացքում կողմերը «մտքեր են փոխանակել օրակարգային հիմնական հարցերի շուրջ և համեմատել դիրքորոշումները՝ ղեկավարության ապագա հանդիպումներից առաջ»։ Հատուկ ուշադրություն է դարձվել «Մոսկվայի և Բաքվի միջև մշակութային և հումանիտար կապերի լիարժեք վերականգնման անհրաժեշտությանը»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

Leave a comment