Հայաստանում գյուղատնտեսության ոլորտի ներկայացուցիչների համար սեմինար է անցկացվել
Սեմինարը կազմակերպվել է Ռուսաստանի արտահանման կենտրոնի կողմից՝ Հայաստանում ՌԴ առևտրային ներկայացուցչության աջակցությամբ և Սանկտ Պետերբուրգում գործող «Լիգնոգումատ» ընկերության հետ համատեղ։ Ընկերությունը մասնագիտացած է պարարտանյութերի և բուսաբուծության արդյունավետության բարձրացմանն ուղղված լուծումների մշակման ու արտադրության ոլորտում։
Միջոցառման ընթացքում ռուսական ընկերության ներկայացուցիչները հայկական գործընկերներին ներկայացրել են բույսերի սնուցման ժամանակակից լուծումները, խոսել պարարտանյութերի կիրառման առանձնահատկությունների մասին և ցուցադրել դրանց օգտագործման հնարավորությունները՝ բերքատվության բարձրացման և գյուղատնտեսական արտադրանքի որակի բարելավման նպատակով։
Սեմինարի շրջանակում անդրադարձ է կատարվել նաև ռուսաստանյան արտադրողների և հայկական գյուղատնտեսական ձեռնարկությունների միջև ուղղակի գործարար կապերի զարգացման հնարավորություններին։ Նման միջոցառումները նպաստում են մասնագիտական փորձի փոխանակմանը և Հայաստանում ռուսական արտադրանքի մատակարարման հնարավորությունների ընդլայնմանը։
Հայաստանում Ռուսաստանի առևտրային ներկայացուցչությունը շարունակում է աջակցել նոր գործարար կապերի հաստատմանը և ռուսական տեխնոլոգիական լուծումների առաջմղմանը հայկական շուկայում։