Եթե ես դառնամ ակումբի նախագահ, ապա «Ռեալում» հանդես կգան միջազգային մակարդակի մեծ աստղեր․ Էնրիկե Ռիկելմե
Մադրիդի «Ռեալի» նախագահի թեկնածու գրանցված գործարար Էնրիկե Ռիկելմեն ակումբի ղեկավարի պաշտոնում ընտրվելու դեպքում աղմկոտ տրանսֆերներ է խոստանում։
Ավելի վաղ Ռիկելմեն վստահեցրել էր, որ արդեն պայմանավորվածություն է ձեռք բերել համաշխարհային մեծության երկու աստղի հետ։
«Եթե ես դառնամ ակումբի նախագահ, ապա «Ռեալում» հանդես կգան միջազգային մակարդակի մեծ աստղեր։ Այդ համալրումներն անհրաժեշտ են մեր սպորտային նախագծին թե՛ կարճաժամկետ, թե՛ միջնաժամկետ և թե՛ երկարաժամկետ հեռանկարում»,- Ռիկելմեի խոսքերն է մեջբերում ABC-ն։
Madrid Zone հաղորդմամբ` պարզ է դարձել, թե ում նկատի ուներ թեկնածուն։ Ըստ առկա տեղեկությունների՝ Ռիկելմեն ուղիղ բանակցություններ է վարում «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հալանդի ներկայացուցիչների հետ։ Նորվեգացի ռմբարկուի, ինչպես նաև գլխավոր մարզչի պաշտոնում գերմանացի մասնագետ Յուրգեն Կլոպի հրավերը նրա նախընտրական սպորտային նախագծի հիմքն են կազմում։
Նշենք, որ «Ռեալի» նախագահի ընտրություններին քվեարկելու իրավունք ունի ակումբի ավելի քան 100 հազար անդամ (սոսիոս)։ Հատկանշական է, որ 2006 թվականից ի վեր առաջին անգամն է, երբ ակումբի նախագահի պաշտոնի համար պայքարում է առնվազն երկու հավակնորդ։ Նախորդ բոլոր ընտրարշավներում գործող նախագահ Ֆլորենտինո Պերեսը եղել է առաջադրված միակ թեկնածուն։
Հիշեցնենք նաև, որ «արքայական» ակումբն արդեն երկու մրցաշրջան անընդմեջ ավարտում է առանց խոշոր տիտղոսների նվաճման։