Նախընտրական «Կանաչը»․ ՄԱՍ 1
Հունիսի 7-ի ԱԺ ընտրություններին ընդառաջ՝ քաղաքական ուժերը նախընտրական ծրագրերում տարբեր կերպ են արժեւորում բնապահպանական օրակարգը։ Մինչ որոշ կուսակցություններ հավակնոտ «կանաչ» բարեփոխումներ են խոստանում, մի մաստ շրջակա միջավայրի պահպանության խնդիրներն դուրս են թողել իրենց ուշադրության կենտրոնից։ «Ա1+»-ը փորձել է «դուրս բերել կանաչ օրակարգը» նախընտրական ծրագրերից։ Շարքը շարունակելի է։
«Քաղաքացիական պայմանագիր»
«Շրջակա միջավայրի նկատմամբ հոգատար վերաբերմունքը և կոշտ թափոնների խելացի կառավարումը հանրային կյանքի հարմարավետության, բարեկեցության, երջանկության, առողջության կարևոր պայմաններ են»,- նշվում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրում։
Խոստանում են՝ կներդրվի կոշտ թափոնների շրջանաձև կառավարման համակարգ՝ հիմքում ունենալով Լիտվայի և եվրոպական մի շարք այլ երկրների հաջողված փորձը։ Հանքարդյունաբերության ոլորտում քայլ առ քայլ ստանդարտները կհամապատասխանեցվեն միջազգային լավագույն փորձին։
Վայրի և ընտանի կենդանիների պաշտպանությունը հայտարարված է որպես կուսակցության ձևավորած խորհրդարանական մեծամասնության և Կառավարության ուշադրության կենտրոնում գտնվող առաջնահերթություն։ Միևնույն ժամանակ, «թափառող կենդանիներից քաղաքացիների պաշտպանության ուղղությամբ կձեռնարկվեն համալիր միջոցառումներ»։
Ներդրվելու է կենսաբանական անվտանգության և մարդու առողջության վրա շրջակա միջավայրի (կլիմայի փոփոխություն, օդ, ջուր) ազդեցության կառավարման համակարգ։
Ջուրը ծրագրում անվանվում է «ուրախության և երջանկության համոզիչ սիմվոլներից մեկը»։ Կուսակցությունը խոստանում է առանձնահատուկ ուշադրություն դարձնել «ջրախնայող տեխնոլոգիաների ներդրմանը» և «ջրի նկատմամբ խնայող և հոգատար հանրային վերաբերմունքի և վարքականոնի ձևավորմանը»։
Կենսաբազմազանության պահպանումը ներառում է կոնկրետ տարածքների վերականգնման խոստումներ։ Սևանա լճի առափնյա տարածքների տնտեսական ներուժը կվերագնահատվի՝ առաջնորդվելով բնապահպանական ժամանակակից ստանդարտներով։ Նախատեսվում է ամեն տարի 5 մլն խմ-ով նվազեցնել ջրառը՝ էկոհամակարգի վերականգնմանը նպաստելու համար։
Իսկ անտառների պաշտպանության համար Էկոպարեկային ծառայությունը կիրականացնի «24/7 ռեժիմով անտառների և ԲՀՊՏ տարածքների պահպանություն»։
ՔՊ-ն խոստանում է՝ Երևանի կանաչ ֆոնդը ավելացնել 230 հա-ով, ստեղծել Դալմայի քաղաքային այգին (բնահեն լուծումներով), Հրազդանի կիրճի ռեկրեացիոն գոտին և 7 հա քաղաքային անտառ-պուրակ Նորք-Մարաշում։ Բացի այդ՝ բնակարանային ֆոնդի ռենովացիայի շրջանակում շենքերի տանիքները կվերափոխվեն «կանաչ/շնչող» տանիքների։ Երևանի համար ձեռք կբերվի «200 նոր 18 մ էլեկտրական ավտոբուս և 71 նոր տրոլեյբուս»։
ՔՊ ծրագրի համաձայն՝ «վերականգնվող էներգետիկայի զարգացումը Հայաստանի Հանրապետության համար ստեղծել է էներգետիկ անվտանգության մակարդակը բարձրացնելու և ի վերջո էներգետիկ ինքնաբավ երկիր դառնալու բացառիկ հնարավորություն»։
Այս նպատակին հասնելու համար նախատեսվում է. մինչև 2040 թվականը «արևային և հողմային էներգետիկայի հզորությունը 2000 ՄՎտ հասցնել», ստեղծել «բիոգազի արտադրության կայան» և «կանաչ ջրածնի արտադրության կայան», զարգացնել էլեկտրական էներգիայի կուտակման կայանները՝ մինչև 2040 թ. ապահովելով առնվազն «600 ՄՎտ հզորություն»։
Բացի այդ, նպատակ է դրված երկարաժամկետ հեռանկարում «բացառել օգտագործված ջրի՝ առանց մաքրման բացթողումը բնություն»։
Ծրագրում նշվում է՝ կստեղծվի «մթնոլորտային օդի որակի համապետական մոնիթորինգի համակարգ», որը կներառի 16 ժամանակակից դիտակայան և ռեֆերենս լաբորատորիա։
Ի դեպ, իշխող ուժը չի մոռացել մատնանշել, որ ՄԱԿ «Կենսաբազմազանության մասին» կոնվենցիայի Կողմերի 17-րդ (COP 17) համաժողովի՝ 2026թ. հոկտեմբերի նախագահությունը «Հայաստանին բերելու է և՛ բնապահպանական, և՛ միջազգային մակարդակում լավագույնս դիրքավորվելու մեծ հնարավորություններ»։ COP 17-ը աշնանը տեղի է ունենալու Հայաստանում։
«Միասնության թևեր»
«Միասնության թևեր» կուսակցությունն իր նախընտրական մանիֆեստում շրջակա միջավայրի պաշտպանությունը դասում է երկրի ռազմավարական առաջնահերթությունների շարքին։ Ծրագրում նշվում է. «Մենք շրջակա միջավայրը դիտարկում ենք ոչ թե որպես առանձին ոլորտ, այլ որպես ազգային անվտանգության, հանրային առողջության և տնտեսական կայունության հիմնասյուն»։
Կուսակցությունը խոստանում է արմատական փոփոխություն․ «Կանցնենք բնական ռեսուրսների սպառումից դեպի պատասխանատու կառավարում՝ ապահովելով ներկա և ապագա սերունդների իրավունքները»։ «Միասնության թևեր» կուսակցությունը նախատեսում է խստացնել հանքարդյունաբերության ոլորտի վերահսկողությունը։
Ըստ ծրագրի՝ «բացառվելու է բնության անդառնալի վնաս պատճառող գործունեությունը», և ներդրվելու է պատասխանատվության նոր մեխանիզմ. «Կկիրառվի «աղտոտողը վճարում է» սկզբունքը՝ ապահովելով շրջակա միջավայրի վերականգնման իրական մեխանիզմներ»։ Տնտեսական առումով ևս փոփոխություններ են սպասվում. «Հանքարդյունաբերության ռոյալթիի համակարգը կառուցվելու է համաշխարհային գների հետ ավտոմատ կապի հիմքի վրա»։
Ջրային ռեսուրսները կուսակցության համար ունեն կենսական նշանակություն․ «Հայաստանի ջրային պաշարները կհռչակվեն ռազմավարական նշանակության ռեսուրս»։ Նախատեսվում է ներդնել մոնիթորինգի համակարգեր՝ ջրի կորուստն ու չարաշահումները կանխելու համար։
Օդի որակի բարելավման նպատակով խոստանում են խստացնել վերահսկողությունը տրանսպորտի և արդյունաբերության նկատմամբ՝ շեշտը դնելով էկոլոգիական լուծումների վրա. «Կխթանվի էլեկտրական տրանսպորտի և վերականգնվող էներգիայի կիրառումը՝ հատկապես քաղաքային միջավայրում»։
Աղբահանության հարցում կուսակցությունն առաջարկում է համակարգային փոփոխություն. «Կստեղծվի թափոնների կառավարման ամբողջական համակարգ՝ աղբի տեսակավորումից մինչև վերամշակում»։ Ծրագրում հատուկ կետով նշվում է նաև «էլեկտրական մեքենաների մարտկոցների թափոնների կառավարման և ուտիլիզացիայի համակարգի» ներդրման անհրաժեշտությունը։
Տնտեսական զարգացման համատեքստում առաջ է քաշվում «կանաչ» լուծումներ մարզերի համար, մասնավորապես՝ «կանաչ քիմիայի» ներդրումը Լոռու և Շիրակի մարզերում, ինչպես նաև «բնապահպանական լուծումները» Տավուշում։ Իսկ Երևանի ակադեմիական կլաստերի նախագիծը, ըստ ուժի, պետք է ներառի «կանաչ գոտիներ»։ Վերականգնվող էներգետիկայի զարգացումը (արևային, քամու և այլն) դիտարկվում է որպես տնտեսական առաջընթացի անբաժանելի մաս։
Միաժամանակ, կուսակցությունը պարտավորվում է պահպանել երկրի «թոքերը». «Անտառահատումները կդրվեն խիստ վերահսկողության տակ՝ կանխելով ապօրինի գործունեությունը»։
«Միասնության թևեր»-ի տեսլականն ամփոփվում է հետևյալ ձևակերպմամբ. «Մենք կառուցում ենք պետություն, որտեղ տնտեսական առաջընթացը չի իրականացվում բնության հաշվին, այլ ներդաշնակ է նրա հետ»։
«Ժողովրդավարական համախմբում»
«Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախընտրական ծրագրում բնապահպանական կամ «կանաչ» օրակարգին վերաբերող կոնկրետ դրույթներ կամ ծրագրային կետեր չկան։ ԺՀ ծրագիրը հիմնականում կենտրոնացած է ազգային ինքնության, պետականության բովանդակային վերափոխման և անվտանգային հարցերի վրա։ Բնական ռեսուրսների հետ կապված միակ հիշատակումը վերաբերում է տնտեսական և պետական վերահսկողությանը, այլ ոչ թե բնապահպանությանը. կուսակցությունը նախատեսում է ընդերքի աստիճանական ազգայնացում։
«Ազգային ժողովրդավարական բևեռ»
ԱԺԲ-ի ծրագրում բնապահպանությանը վերաբերող առանձին գլուխ չկա, սակայն այդ թեմային առնչվող մի քանի դրույթ կան։ Մասնավորապես Սյունիքում և Վայոց Ձորում նախատեսվում է «կանաչ տնտեսության փորձնական ծրագրերի իրականացում»։ Բացի այդ՝ պետական քաղաքականությունն ուղղված է լինելու «վերականգնվող էներգետիկայի զարգացմանը»։
Ռեֆորմիստների կուսակցություն
Ռեֆորմիստների կուսակցության ծրագիրը ընդամենը յոթ կետ է՝ ուղղված ազգային անվտանգության ամրապնդմանը, պետական կառավարման և ընտրական համակարգի արմատական բարեփոխմանը, ինչպես նաև տնտեսության մեջ պետության դերի մեծացմամբ անվճար սոցիալական ծառայությունների ապահովմանը։ Նախընտրական ծրագրի դրույթներում «կանաչ» օրակարգին վերաբերող կետեր չկան։
Շարունակելի․․․
Լուսանկարները՝ Ֆոտոլուրի