«Ուժեղ Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը հայտարարել է, որ նախընտրական արշավն ընթանում է անհավասար պայմաններում՝ կատարվողը որակելով քաղաքական ճնշում, այդ մասին ասել է Armenia Today-ի հարցին ի պատասխան։
Դատական նիստից հետո Կարապետյանը հայտարարել է, որ անհնար է խոսել հավասար նախընտրական պայքարի մասին, երբ ինքն ստիպված է օրերն անցկացնել դատարաններում։
«Եթե ես ամեն օր դատարաններում եմ կամ տանը, դա եղավ հավասար պայքա՞ր։ Ես չեմ կարող հանդիպել ժողովրդի հետ, գնալ մարզեր»,-նշել է նա՝ պատասխանելով Armenia Today-ի թղթակցի դիտարկմանը, թե իշխանությունների պնդմամբ՝ հավասար պայմաններ են ստեղծված բոլոր քաղաքական ուժերի համար։
Նա նաև անդրադարձել է նաև ընտրակաշառքի վերաբերյալ մեղադրանքներին, իշխանության կողմից վարչական ռեսուրսի կիրառմանը և մայիսի 28-ին նախատեսվող զինվորական շքերթի նպատակահարմարությանը։
Կարապետյանն, այդուհանդերձ, դրական է գնահատել «Ուժեղ Հայաստան»-ի ներկայացուցիչների կազմակերպած քարոզարշավը՝ հույս հայտնելով, որ նույնիսկ այս պայմաններում իր գլխավորած քաղաքական ուժը կհաղթի ընտրություններում։
«Ուժեղ Հայաստան»-ի առաջնորդը նաև հերքել է ընտրություններից առաջ Ռուսաստանից մարդկանց ներգրավելու վերաբերյալ լուրերը։
«Միայն Փաշինյանն է մարդ բերում։ Փաշինյանը ամբողջ պետական ռեսուրսը միացրել է, Ռուսաստանից մարդիկ է բերում, որ գոնե 15 ձեն հավաքի»,- լրագրողներին նշել է Կարապետյանը։
Անդրադառնալով Armenia Today-ի հարցին, թե ինչ են իրեն հայտնում մարզերից ժամանած քաղաքացիները, որոնց նա պարբերաբար ընդունում է տնային կալանքի պայմաններում, Կարապետյանը հայտարարել է, որ հանդիպումների ժամանակ հիմնականում նույն տրամադրություններն է նկատում։
«Բոլորը հարցնում են՝ ոնց անենք՝ մեկ օր առաջ հեռացնենք Փաշինյանին, քանի որ, Կարապետյանի խոսքով, բոլորը հոգնել են գործող վարչապետից և ստեղծված նվաստացուցիչ իրավիճակից։
Արձագանքելով ընտրություններից հետո իր և թիմի՝ Ռուսաստան հնարավոր մեկնելու վերաբերյալ հարցին՝ Կարապետյանը վստահեցրել է, որ իրենք չեն պարտվելու։
«Մենք չենք պարտվելու, Փաշինյանն է գնալու Ադրբեջան, մենք չենք գնալու Ռուսաստան»,- ասել է նա։
Կարապետյանին կալանավորել էին 2025-ի հունիսին՝ եկեղեցու դեմ արշավը քննադատելուց հետո։ Ավելի քան վեց ամիս անազատության մեջ անցկացնելուց հետո՝ 2025-ի դեկտեմբերին նրա նկատմամբ խափանման միջոց էր կիրառվել տնային կալանքը և գրավը։
Նրա գործով դատավարությունը մեկնարկել էր ապրիլի 15-ին, ապրիլի 17-ին դատարանը 3 ամսով երկարաձգել էր նրա տնային կալանքը, ապրիլի 30-ին մերժել այն վերացնելու և վարչական հսկողություն կիրառելու միջնորդությունը։